Search
Close this search box.

Ոստիկանության պաշտոնյային շորթելու կասկածանքով ձերբակալված լրագրողը վերջերս էր արդարացվել դատարանի կողմից

Ոստիկանության պաշտոնյային շորթելու, նրա վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկությունները չհրապարակելու համար գումար պահանջելու կասկածանքով նախօրեին ձերբակալված «Հայկական ժամ» խմբագրության լրագրողի անունը նախկինում եւս շրջանառվել է տարբեր աղմկահարույց գործերով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ձերբակալված լրագրողը 1959 թ. ծնված կին է, որն անցել է նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջն առնչվող քրեական քրեական գործով։

Հիշեցնենք, որ տվյալ կայքում 2015 թվականի մայիսի 17-ին և 26-ին վերոհիշյալ կայքում «Ալիս Խեչոյան» հեղինակային անվամբ հրապարակել է «Հանում եմ դիմակը՝ ահա Սերյան Օհանյանի իրական դեմքը» և «Ինչ հանգամանքներում մահացավ գործարարը» վերտառությամբ հրապարակումները, որոնցում տեղեկատվություն էր հրապարակվել Ռուզաննա Խաչատրյանի եւ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հանցագործություն կատարելու։ Մասնավորապես՝ ըստ հոդվածագրի՝ 2002 թվականի հունիսի 12-ին Ռուզաննա Խաչատրյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով մահացել է գործարար Հովհաննես Հայրապետյանը, իսկ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից նշված դեպքի իրական հանգամանքները խեղաթյուրվել են։ Տվյալ հրապարակումը նախաքննական մարմինը գնահատել էր որպես սուտ մատնություն։

Նշենք, որ տվյալ կայքի հիմնադիրը համարվում է ձերբակալված լրագրոի դուստրը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննական մարմինը տվյալներ էր ձեռք բերել նույն կայքի մեկ այլ լրագրողի կողմից, ով եւս ազգակցական կապեր ունի կայքի հիմնադրի հետ, Լոռու մարզում համայնքի ղեկավարներից մեկից 50 հազար դրամ շորթելու վերաբերյալ։

Նախաքննական մարմինը կայքի հիմնադրին մեղադրանք էր առաջադրել շորթման ու սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով։ Մորը՝ Գ.Մանուկյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 38-333-րդ հոդվածի 1-ին մասով, ազգական-լրագրողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Շուրջ երեք տարի քրեական գործը դատարանում քննվելուց հետո՝ 2019 թվականի մայիսին դատարանն արդարացրել է բոլորին` կայքի հիմնադրի ու լրագրողներին, նրանց թվում՝ Գ.Մանուկյանին, վերջիններիս գործողություններից տուժած անձանց բողոքների բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը՝ Գ.Մանուկյանը, շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեկ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «լրագրողն այցելել է ոստիկանության բարձրաստիճան սպայի աշխատասենյակ և ներկայանալով որպես լրագրող՝ հայտնել է, որ տեղեկություններ ունի՝ իբրև վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ շուրջ 41.000.000 ՀՀ դրամի չափով չվճարված հարկային պարտավորություններ ունենալու վերաբերյալ: Լրագրողը սպային հայտնել է նաև, որ պատրաստվում է այդ վարկաբեկիչ տեղեկությունը հրապարակել չորս լրատվամիջոցներով, և այն չհրապարակելու համար վերջինից պահանջել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար՝ ակնարկելով, որ պահանջված գումարի չափը հնարավոր է նվազեցնել:

2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, լրագրողը, այցելելով սպայի աշխատասենյակ, նախկինում ներկայացրած սպառնալիքով պահանջել և շորթմամբ ստացել է 400.000 ՀՀ դրամ գումար, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն աշխատասենյակում բռնվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Դեպքի վայրի զննությամբ լրագրողի պայուսակում հայտնաբերվել է սպայից ստացած 400.000 ՀՀ դրամ գումարը:

Տեսանյութը՝ այստեղ