Search
Close this search box.

Ովքե՞ր կարող են ազատվել զինծառայությունից. ՊՆ-ը հստակեցնում է

Սպորտի ասպարեզում առանձնակի հաջողություն և տարկետման հիմք է օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների կամ պատանիների առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղերը զբաղեցրած լինելը կամ օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ունենալը։

Ոչ օլիմպիական մարզաձևերից տարկետման նույն իրավունքը տարածվում է նաև ուշուի և սամբոյի վրա։

Տարկետման իրավունք կստանան նաև Հայաստանի ֆուտբոլի պատանեկան, երիտասարդական և մեծահասակների ազգային հավաքականների անդամները, բայց տարկետում կտրվի առավելագույնը 22 մարզիկի։

Տարկետում ստանալու համար մարզիկը կամ ֆեդերացիայի նախագահը պետք է դիմեն կառավարություն։ Կառավարության որոշմամբ մարզիկին կտրվի 4, իսկ ֆուտբոլի պատանեկան և երիտասարդական հավաքականների անդամներին` 2 տարվա տարկետում։

Իսկ գիտության ու մշակույթի բնագավառում տարկետման հավակնորդը պետք է դիմի համապատասխան նախարարություն, որտեղ առաջիկայում կստեղծվեն հանձնաժողովներ, որոնք կորոշեն` տարկետման իրավունք ունի՞ զորակոչիկը, թե՞ ոչ: Դրանից հետո կդիմեն կառավարություն։

Գիտության և կրթության բնագավառներում տարկետման իրավունք կստանան ՀՀ կառավարության գերակա ոլորտներում գործունեություն իրականացնող և նվաճումներ ունեցող այն զորակոչիկները, ովքեր ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալներ են ստացել միջազգային օլիմպիադաներում։

Գերակա ոլորտների մասնագիտություններով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զինծառայությունից տարկետում կստանան միայն, եթե վերջին երեք տարիների ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում գիտական հրապարակումների, գիտաժողովների, զեկույցների հեղինակ են կամ գիտակրթական մրցանակների են արժանացել։

Իսկ եթե դպրոցականները հայոց լեզու, հայ գրականություն կամ հայոց պատմություն առարկաներից օլիմպիադաներում 1-ին տեղն են գրավել, միայն այն դեպքում են ստանում տարկետում:

Մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեություն ծավալողները բանակից կազատվեն, եթե միջազգային հեղինակավոր մրցույթներում, փառատոներում, ցուցահանդեսներում հաղթեն, մրցանակներ ստանան, ՀՀ պատվավոր կոչումներ ունենան, միջազգային հեղինակավոր բեմերում և մեծ միջոցառումներում պարբերաբար հանդես գան:

Նման քաղաքացիներին հանձնաժողովի միջնորդությամբ ու կառավարության որոշմամբ կտրվի 2 տարվա տարկետում։