Search
Close this search box.

28 զոհ ենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, հայտարարության առաջին կետը վերաբերում է կրակի, ինչպես նաև բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը։ Մեկ տարի անց, ըստ վարչապետի, կարելի է արձանագրել, որ պատերազմը դադարել է այդ հայտարարությամբ։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց ՌԴ-ի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը պատերազմը դադարեցնելու գործում։

2STOPPED

«Հայտարարության շատ կարևոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է ՝ ԼՂ-ում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահները, որոնց գործունեությունը բարձր ենք գնահատում և որոնք այսօր ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են։ Մյուս կողմից պետք է ցավով նշել, որ կրակի դադարեցման ռեժիմը նաև ԼՂ-ում ամբողջությամբ չի պահպանվում, սա արձանագրել են նաև խաղաղապահները։ Հույս ունեմ, որ այդ դեպքերի առնչությամբ պատշաճ հետաքննություն կանցկացվի և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ։ Վերջին աղաղակող դեպքերը հիշենք, երբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձը տրակտորի ղեկին խոցվել էր Ադրբեջանի դիպուկահարների կողմից։ Հիշենք այն դեպքը, երբ 5 վիրավոր զինծառայող ունեցանք։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ նոյեմբերի 9-ից հետո մենք բազմաթիվ վիրավորներ և զոհեր ենք ունեցել։ Շուրջ 28 զոհ ենք ունեցել, մասնավորապես, Խծաբերդ-Հին թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, երբ ունեցանք զոհեր։ Սա շատ անհանգստացնող փաստ է։ Պետք է ասեմ, որ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք, մասնավորապես Խծաբերդ-Հին թաղեր հատվածում, Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, որը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Պետք է ընդգծեմ, որ հաստատված 40 գերիներից մեծ մասը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, մինչև այժմ ազատ չեն արձակվել ի հեճուկս հայտարարության 8-րդ կետի, որտեղ հստակ ասվում է, որ ռազմագերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է ազատ արձակվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ամենևին տեղին չհամարեց Ադրբեջանի այն մեկնաբանությունը, թե ով է ռազմագերի, ով ռազմագերի չէ, որովհետև հայտարարության մեջ հստակ նշված է՝ ռազմագերի, պատանդ և այլ պահվող անձինք։ Դա նշանակում է, որ գործնականում սեփական կամքին հակառակ պահվող յուրաքանչյուր ոք գտնվում է այդ կետի իրավազորության ներքո։ Վարչապետն ընդգծեց, որ չկա այդպիսի տարբերակում՝ նոյեմբերի 9-ից առաջ է դա տեղի ուենցել, թե դրանից հետո։

5STOPPED
Հաջորդ անհանգստացնող փաստն, ըստ վարչապետի, այն է, որ հայ-ադրբեջանական սահմանագծին նույնպես հրադադարի ռեժիմի խախտումներ են լինում, ինչը նույնպես եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության, մինչև օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակիչների վերադարձի իրավունքը։

Հաջորդ խնդիրը, որ այս համատեքստում վարչապետն ընդգծեց, մինչև այժմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացված չլինելն է, չնայած այս ուղղությամբ կարևոր աշխատանք է տարվում, և նա հույս հայտնեց, որ առաջիկայում կոնկրետ արդյունքների կհասնեն։

«Այս ամենը, իհարկե, նաև որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս, չնայած, կասկածից վեր է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ԼՂ-ում խաղաղապահների տեղակայումն այն անկյունաքարային արդյունքն է, որն արձանագրվել է։ Հրադադրի ռեժիմի խախտումները, մեր զինվորների զոհվելու փաստերը մեզ հանգեցնում են այն մտահոգության, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ»,- հավելել է նա։