Search
Close this search box.

Քոչարյանն ասում է, թե երբ մուրճը կօգտագործի

Մենք մուրճը չենք թափահարելու: Մենք շինարարություն ենք սիրում եւ մուրճը կօգտագործենք ըստ դրա նպատակային նշանակության` շինարարության մեջ: Այս մասին Մարալիկի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր է, վարչապետի պաշտոնակատարը, մուրճով զինված, հակառակորդներին սպառնում է «խփել ժանգոտ մեխերը»:
«Մենք հիստերիկ դրսեւորումների կարիք չունենք: Զայրույթը թուլության դրսեւորում է: Մարդը փորձում է ինչ-որ կերպ փոխհատուցել իր բարդույթները: Ես 11 տարի զբաղեցրել եմ Հայաստանի վարչապետի եւ նախագահի բարձրագույն պաշտոնները, եւ ոչ մեկից չեք լսի, որ ես բարձրացնում եմ ձայնս: Բայց չկար առաջադրանք, որը չկատարվեր»,- ասաց Քոչարյանը:

Նա շեշտեց, որ իր ղեկավարած թիմի առավելությունը կառավարման կարողություններն են: «Դա էլ ավելի ակնհայտ է երկրում կառավարման ճգնաժամի ֆոնին: Այս ճգնաժամը միակ, ես կասեի` պատերազմում կրած պարտության հիմնական պատճառն է: Անգամ խաղաղ ժամանակ կառավարումը փորձ եւ գիտելիքներ է պահանջում, իսկ ճգնաժամային պայմաններում դա կրկնակի կամք եւ վճռականություն, արագ որոշումներ կայացնելու կարողություն է պահանջում: Դա մի բան է, որը մեզ մոտ ընդհանրապես բացակայում է»,- շեշտեց նա:

Ըստ Քոչարյանի` ամեն ինչ կախված է իշխանություններից, թե ինչ տրամադրությամբ են նրան արթնանում, ով ինչ պաշտոն կդնի եւ ինչպիսի նոպա դա կառաջացնի. «Հասարակությունը շփոթված է: Առաջնորդը պետք է ունենա որոշակի որակներ: Այդպիսի որակների բացակայությունը հիմա մեծ խնդիր է Հայաստանի համար: Առաջնորդի որակներն են նպատակ դնել եւ դրան հասնելու համար միջոցներ մոբիլիզացնել: Դա չկա: Նրանք նույնիսկ չգիտեն, թե ուր են գնում: Մենք գնում ենք, որպեսզի փոխենք դա»: