Search
Close this search box.

«Ակութ»-ը լույսի և ջերմության աղբյուր է, որտեղից երեխաները կարող են բազմաթիվ գիտելիքներ ստանալ. Հռիփսիմե Ներսիսյան

Երբ իրենց գործի գիտակ ու նվիրյալ մարդիկ համախմբվում են լավ գաղափարի շուրջ, այն անպայման կյանքի է կոչվում: Այդպես եղավ նաև «Ակութ» կրթական կենտրոնի ստեղծման դեպքում: Կենտրոնի առաքելությունն է՝ նպաստել երեխաների աշխարհաճանաչողությանը, անձնային աճին, որպեսզի նրանք կարողանան հաջողությամբ կերտել իրենց ապագան: Կենտրոնի անունն էլ պատահական ընտրված չէ, Ակութ նշանակում է՝ լույսի և ջերմության աղբյուր, որտեղից երեխաները կարող են բազմաթիվ գիտելիքներ ստանալ: Նման հանձնառությունն ու նվիրումը չէր կարող չտալ իր պտուղները:  «Ակութ» կենտրոնը գործում է 2018 թվականի սեպտեմբերի 17-ից և արդեն հասցրել է ընդգրկել զգալի թվով աշակերտներ: Գիտելիքների ձեռքբերումները հետաքրքիր, իսկ ուսուցման մեթոդը մատչելի դարձնելու համար այստեղ սեղծված են բոլոր պայմանները: Գեղեցիկ ու պատկերավոր կահավորված, ջերմ ու լուսավոր դասասենյակներ, ամեն քայլափոխի ճանաչողական և ուսուցողական պաստառներ:

«Մեր կենտրոնում տարվում են նպատակամետ աշխատանքներ՝ ուղղված երեխաների ընդունակությունների բացահայտմանը և խթանմանը»,- ասում է կենտրոնի տնօրեն, մանկավարժ Հռիփսիմե Ներսիսյանը:

Կենտրոնում դասավանդվում է հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն, ես և շրջական առարկաները: Բացի այդ, լրացուցիչ գործում են շախմատի և նկարչության խմբակներ: Դասապատրաստումներն անցկացվում են երկու հերթով: Առաջին հերթով սովորող երեխաները կարող են հաճախել դասապատրաստումներին կեսօրին ժամը 12:30-ից մինչև 18:00-ն, իսկ երկրորդ հերթով դպրոց հաճախող երեխաները՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն: Կենտրոնն ունի նաև հարմարավետ կահավորված հանգստի սենյակ, և ծնողների ցանկության դեպքում երեխաները կենտրոնում կարող են մնալ մինչև ժամը 18:30-ը, որտեղ նրանց հետ կզբաղվեն համապատասխան մասնագետներ:

«Ակութ»-ում անցկացրած ողջ ընթացքում համոզվեցինք, որ բանիմաց և փորձառու մանկավարժները չեն սահմանափակվում միայն օրվա տնային առաջադրանքների կատարմամբ, այլ հետաքրքիր խաղերի միջոցով զարգացնում են երեխաների մտածողությունը, տրամաբանությունը, ուշադրությունը, հիշողությունը, բացահայտում տարբեր առարկաների հանդեպ ունակությունները, ինչն օգնում է երեխաներին ավելի արդյունավետ մտապահել ստացած գիտելիքները։

«Մեր կենտրոնում աշխատում են բազմամյա մանկավարժական հարուստ փորձ ունեցող, հոգատար, բանիմաց, իրենց գործի նվիրյալ մանկավարժներ: Նույն փորձառությամբ էլ օժտված են շախմատի, նկարչության նաև նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող ուսուցիչները: Անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր երեխայի: Դասապատրաստման ժամերն ու խմբերն այնպես են կազմված, որ մանկավարժները կարողանան անհատապես աշխատել յուրաքանչյուր երեխայի հետ»,- ասում է Հռիփսիմե Ներսիսյանը՝ հավելելով, որ այնտեղ, որտեղ կան փորձառու մասնագետներ, մարդկանց կյանքի որակը բարեփոխելու առաքելություն, նպատակասլացություն և գիտելիքներ, մեծ ապագա է սպասվում: