Search
Close this search box.

2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում

Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է ան­դրադառնալ նրբորեն, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը:

— Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը ս.թ. ապրիլի 29-ին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: Ասել է նաև, թե Հայաստանը պատրաստակամ չէ համագործակցելու անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզաբանելու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

— Հարկ ենք հա­մա­րում նշել, որ մեկ անգամ ևս հաստատում ենք հայկական կողմի պատրաստակամությունը` հանդիպելու և բովանդակային քննարկումներ ունենալու հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորածների, պատանդառվածների և գերեվարվածների հարցերով զբաղվող ադրբեջա­նա­կան համապատասխան կառույցի հետ՝ նպատակ հետապնդելով մեկընդմիշտ լու­ծելու ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած, պատանդառված, գերեվարված անձանց հետ կապված բոլոր հարցերը: Անհրաժեշտ է հիշեցնել, որ հայկական կողմը 1990-ական­ներից ունի 777, իսկ 2020 թ-ից հետո՝ 211` գտնվելու վայրն անհայտ անձ, ինչպես նաև պատանդառված և գերե­վար­ված 23 անձ:

Միևնույն ժամանակ, անթույլատրելի է Ի. Ախունդովի կողմից հնչեցված մե­ղադրանքներն առ այն, թե իբրև 1990-ականներին տեղի ունեցած ռազմական գոր­ծողությունների ընթացքում հայկական կողմն իրականացրել է ահաբեկ­չա­կան գործողություններ, ցեղասպանություն, էթնիկ զտումներ, իսկ դրանից հետո՝ էկո­ցիդ, վանդալիզմ, գերեզմանների նպատակաուղղված ոչնչացում: Նման մե­ղա­դրանքներով հանդես գալն անտրամաբանական է այնքանով, որ այս պա­հին ակնառու են Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայերի տեղա­հան­ման, ադրբեջանցիների կողմից այնտեղ գտնվող հայկական պատմամ­շա­կու­թա­յին կո­թող­ների և գերեզմանների ոչնչացման, պատերազմի ժամանակ ադր­բեջանցի զին­վորների կողմից հայ զինծառայողների սպանությունների և ցու­ցա­բեր­ված անմարդկային վերաբերմունքի, քաղաքացիական անձանց գնդա­կա­հա­րութ­յուն­ների, դիակների խոշտանգումների վերաբերյալ բազմաթիվ փաս­տա­կան տվ­յալները, այդ թվում ադրբեջանցիների կողմից համացանցում տա­րած­ված տե­սանյութերը և լուսանկարները:

Ինչ վերաբերում է Ի.Ախունդովի այն պնդմանը, թե իբրև անհայտ կո­րած­ների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը գտնվում է հայկական կողմի մոտ և միայն համագործակցության միջոցով հնարավոր է պարզություն մտցնել եր­կու կողմերի անհայտ կորածների ճակատագրերում, ապա տեղին է հիշա­տա­կել, որ ս.թ. հունվարի 27-ին «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) ան­ձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի պաշտոնական հայ­տարարությունը, որում հստակ նշված են ինչպես 1990-ականների, այնպես էլ 2020 թ. պա­­տերազմի ընթացքում հայկական կողմում մնացած դիերի ու մասունքների վե­րա­բերյալ հայկական կողմից Ադրբեջանին տրամադրված տեղեկություններ: Նշված համատեքստում հարկ ենք համարում նշել, որ դեռևս 2022թ-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի վրա կատարած հարձակման արդյունքում զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում, չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել: Տեղին է հիշել նաև բռնի անհետացած հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնց վերաբերյալ առ­կա են ադրբեջանցի զինծառայողների կողմից արված տեսանյութեր, որոնք վկա­յում են նրանց գերեվարվելու և ողջ մնալու մասին, սակայն ադրբե­ջա­նա­կան կողմը նրանց ողջ կամ գերեվարված լինելու վերաբերյալ հայտնում է, որ տե­ղեկություններ չունի, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում անհայտ կորած անձանց որոնման հարցերում ադրբեջանական կողմի իրական միտումները կասկածի տակ դնելու համար:

Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պա­տան­դառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է ան­դրադառնալ նրբորեն, գիտակցելով, որ ցանկացած մեղադրանք և հնչեցված ցանկացած միտք կարող է այս կամ այն կերպ ազդել այդ անձանց՝ ար­դեն իսկ հոգեբանական բարդ դրության մեջ գտնվող հարազատների և մտե­րիմ­ների սպասումների ու ակնկալիքների վրա, ինչով պայմանավորված՝ ադր­բե­ջան­ցի մեր գործընկերներին առաջարկում ենք լինել առավել կառուցողական, զերծ մնալ անհարկի մեղադրանքներից, իսկ առկա հարցերն ու խնդիրները լու­ծել բացառապես փոխըմբռնման մթնոլորտում: