Search
Close this search box.

Շուռնուխի նոր թաղամասը պատրաստ չէ, բայց բնակիչներն այլևս ամսական փոխհատուցում չեն ստանում

Բնակիչները վերջին անգամ փոխհատուցում են ստացել 2023 թվականի դեկտեմբերին, հենց այդ ժամանակ պետք է ավարտվեր նոր թաղամասի շինարարությունը, բայց տները դեռ պատրաստ չեն ընդունել բնակիչներին։
Շուռնուխի բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, դեռ նոր տները չեն ստացել, բայց իշխանությունը դադարել է ամսական օգնություն տրամադրել նրանց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին հենց բնակիչները։
Նրանք 2024-ի սկզբից այլևս չեն ստանում ամսական 68 հազար դրամը։ Ընդ որում` որոշ ընտանիքներ, սպասելով նոր տներին, վարձով են ապրում, ոմանք բնակարան են վարձակալել Գորիսում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարությունից Sputnik Արմենիային հաստատեցին, որ վճարումների ծրագիրը հաշվարկվել էր մինչև 2023 թվականի ավարտը։
Նշենք, որ երբ իշխանությունը հերթական անգամ տապալեց նոր թաղամասի կառուցման ժամկետները (թաղամասը պետք է պատրաստ լիներ դեռևս 2021 թվականին), 2023 թվականի հոկտեմբերին որոշեց վճարումների ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի ավարտը։
«Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ», — նշված էր կառավարության որոշման մեջ։
2024 թվականի ապրիլի սկզբին Sputnik Արմենիան գրել էր, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի նոր թաղամասը դեռ շահագործման չի հանձնվել։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասը (13 տուն) անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Այդ տների փոխարեն նոր թաղամասում կառուցվող 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021 թվականին։ Սակայն շինարարության ավարտի ժամկետն արդեն 6 անգամ պաշտոնապես հետաձգվել է։ Քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիայի վերջին հարցմանը պատասխանել են, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի ապրիլին։