Search
Close this search box.

Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որդուն ոչ: Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ գործը ուղարկվել է դատարան, Կարեն Գասպարյանի որդու մասով ապացույցները անբավարար են եղել։

Հիշեցնենք, որ Կոտայք համայնքի մի խումբ բնակիչներ լրատվամիջոցներին հայտնել էին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու նրա որդին  բռնություն են գործադրել 13-ամյա աղջկա հանդեպ ու ծեծել նրա հորը։ Տուժող՝ անչափահասը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում պատմել էր, որ Վարդավառի տոնին  փոքր տարայով ջուր էր լցրել մի մեքենայի հետեւից, որի վարորդը, ըստ գյուղացիների, եղել էր նախկին ոստիկանապետի եղբայրը՝ նույն համայնքում առանձնատուն ունեցող Կարեն Գասպարյանը։

Նրանց խոսքով՝ արգելակելով մեքենան, Կարեն Գասպարյանը մոտեցել էր աղջկան, բռնել  մազերից  ու փորձել գլուխը մտցնել  առվի մեջ։  Միջադեպից հետո  նախկին ոստիկանապետի եղբայրն ու նրա որդին, հաշտվելու պատրվակով, աղջկա հորը՝ Ավետիք Սարգսյանին հրավիրել էին իրենց առանձնատուն։ Ուղեղի ցնցումով հիվանդանոցում հայտնված Սարգսյանի խոսքով՝ բակ մտնելուց հետո Կարեն Գասպարյանը փակել էր դարպասները ու իրեն ստիպել ծնկի գալ, ինչից հետո նրա որդին սկսել էր հարվածել դեմքին։