Search
Close this search box.

«Հիմա նո՞ր եք ջիգյար կերել, ելել եք, այդ հարցերով եք զբաղվում». Սասուն Միքայելյանը՝ Գևորգ Կոստանյանին

Ազգային ժողովում քննարկվող նախագծերից մեկի քվեարկության վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քվեարկության դրեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ հայտարարելով, որ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկում կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց, որպեսզի հարցը քննարկվի և քվեարկության դրվի մայիսի 23-ի նիստի ընթացքում, որպեսզի մայիսի 24-ին այդ քվեարկության համար կրկին չհավաքվեն:ՀՀԿ խմբակցության ղեկավարի առաջարկն առաջացրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի զայրույթը: «Ինձ շարունակում է համառորեն թվալ, որ մենք Ազգային ժողովում ենք աշխատում, ուստի վաղը աշխատանքի գալը, եթե ոմանց համար ծանր բեռ է, մեզ համար մեր պարտականությունն է, և մենք որևէ հրատապություն չենք տեսնում այս հարցն այսօր քննարկելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Զոհրաբյանը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ էական է, թե ինչքան շուտ այս օրենքը պետք է ընդունվի, որպեսզի դրա կարգավորման հարցը տարածվի: «Ոչ ոք չի ասում, որ մենք վաղը աշխատանքի չենք գալու, բայց դա ավելի լուրջ հիմքեր ունի, քան աշխատանքի չգալը»,-ասաց նա:ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կրկին ձայնի իրավունք խնդրեց. նա նշեց, որ այսպես, թե այնպես այս օրենքը պետք է քննարկեն այսօր և ավարտեն, ավելի լավ կլինի, եթե կարգավորումներն ուժի մեջ մտնեն այսօր: Բաղդասարյանն ասաց, որ սա ասում է հատուկ նրանց համար, ովքեր ուշ են ընկալում:

Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց ու տեղից նետեց, թե հենց Վահրամ Բաղդասարյանն  է ուշ ընկալողը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատեց, որ իզուր կրքեր պետք չէ այստեղ բորբոքել և ճիշտ պատկերացումներ պետք է ունենալ առաջարկի վերաբերյալ: «Առաջարկը հետևյալն է, եթե քվեարկությունից հետո առաջիկա երեք ժամվա ընթացքում չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը ավտոմատ կերպով պատրաստ կլինի, որպեսզի երկրորդ քննարկում իրականացնեն, որից հետո կմնա միայն քվեարկությունը: Եվ քանի որ մենք աշխատանքային ռեժիմի մեջ ենք, առաջարկ է եղել հենց այսօր քվեարկել, առաջարկը շատ տրամաբանական է, մի նեղվեք, խնդիր չկա, միմյանց չենք ուզում նեղացնել: Եթե չեք ուզում, մի քվեարկեք»,-ասաց նա:ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հորդորեց հարգալից լինել մեկը մյուսի նկատմամբ ու չանել արտահայտություններ, թե ինչ-որ մեկը ուշ է ընկալում: ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ խնդիր չկա, կարող են այլ ռեժիմով քվեարկել, սակայն պետք չէ փոքր հարցից մեծ խնդիր սարքել: Նա հորդորեց խմբակցություններով իրար հետ որոշել, թե երբ պիտի լինի քննարկումն ու քվեարկությունը:

Գևորգ Կոստանյանը փորձեց բացատրել, թե ինչ է տալու  օրենսդրական կարգավորումը: «Սա նրա համար է, որ օր առաջ մեր երկրի դատապարտյալներն ազատ արձակվեն, պայմանական վաղաժամկետ արձակման հնարավորության ընթացակարգին է վերաբերում»,-նշեց նա: Քվեարկության արդյունքում որոշվեց նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել մայիսի 23-ին: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ որպես Ազգային ժողովի նախագահ ինքը կորոշի, թե երբ կլինի հարցի քվեարկությունը:Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով դիմեց Գևորգ Կոստանյանին: «Երկար տարիներ դատախազ եք եղել, և հիմա նո՞ր է բացվել ձեր սիրտը: Հիմա նո՞ր եք ջիգյար կերել, ելել եք, այդ հարցերով եք զբաղվում»,-ասաց նա:Կոստանյանն արձագանքեց Միքայելյանին՝ ասելով, թե նա չգիտի իր աշխատանքի մասին, չգիտի, թե այս ուղղությամբ ինչեր են արվել: Ընթացքում Միքայելյանը տեղից արձագանքում էր, ինչը Կոստանյանին դուր չեկավ. «Դու-ով մի խոսեք, դուք-ով խոսեք ինձ հետ: Մի ընդհատեք, ես ձեզ չէի ընդհատում»:

Կրկին միջամտեց Ազգային ժողովի նախագահը: Նա հանդարտեցրեց պատգամավորներին՝ կրկին հորդորելով միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել:

Վարման կարգի վերաբերյալ կրկին ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ոմանց մոտ տպավորություն կա, թե իրենք դեմ են դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատմանը, սակայն դա սխալ ընկալում է: Զոհրաբյանը շեշտեց, որ իրենք դեմ են նման արագացված ռեժիմով աշխատելուն: