Search
Close this search box.

Մեծամորի աղբամանում հայտնաբերված նորածնի դին առաջին դեպքը չէ. իրավաբանի բաց նամակը՝ Լևոն Ալթունյանին

Իրավաբան Էմիլ Մարկոսյանը բաց նամակով դիմել է  ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին.

Հարգելի պարոն Ալթունյան`
Օրեր առաջ Մեծամորի աղբամանում հայտնաբերված նորածնի դին առաջին դեպքը չէ, որը Հայաստանում պատահել է և դեռ կպատահի ոչ մարդկային արարածների կողմից կատարված ողբերգական հանցագործությունների պատճառով, եթե ժամանակին չկանխարգել և համապատասխան միջոցառումներ չձեռնարկել` ապա նմանատիպ բնույթի հանցագործությունները շարունակական բնույթի կլինեն, ուստի ելնելով վերոգրյալից խնդրում եմ Ձեզ անակջալուր լինել բաց նամակիս և փորձել հնարավորինս աջակից լինել իմ կողմից առաջարկվող օրենսդրական և իրավական առումներով խնդրի արմատական վերացման և կարգավորման հարցում։

Հայաստանում կանանց կողմից հղիության նախնական շրջանը անհրաժեշտ է վերցնել բժիշկների խիստ հսկողության տակ, փաստացի արձանագրել բոլոր ակնհայտ հղիության դեպքերը, որը կձերբազատի Հայաստանում նորածինների սպանության, առք ու վաճառքի, թրաֆիկինգի և մի շարք այլ հետագա անդառնալի հետևանքներից, մասնավորապես` անհրաժեշտ է բոլոր այն կանանց, որոնց հղիության շեմը հասել է <<աբորտ>> կատարելու անթույլատրելի ժամանակահատվածի և որոնք արդեն հստակ որոշել են պահել և ծննդաբերել սերմանված երեխային, տալ բոլորին առանց բացառության հղիության փաստը հաստատող փաստաթուղթ, որում նշված կլինի հղի կնոջ տվյալները, գրանցման կամ փաստացի բնակության վայրը, հղիության և ծննդաբերությունից հետո հսկողություն իրականացնող բժշկի անուն-ազգանունը և տարածքային պոլիկլինիկայի անվանումը` փաստաթուղթ, որը հղի կնոջ համար ուղեկից կլինի ողջ հղիության ընթացքում, իսկ հղիության փաստը հաստատող և վկայական տվող բժիշկը կամ բժիշկները հետևողական հսկողություն կիրականացնեն հղիության ողջ ընթացքից մինչև ծննդաբերության ավարտ, իսկ այնուհետև նորածին երեխայի ճակատագրի և հետագա մասնակի հսկողությունը կիրականացվեն տարածքային պոլիկլինիկաների մանկաբույժների կողմից, որոնք ծննդաբերությունից որոշ ժամանակ անց սահմանված կարգով և ժամանակահատվածում իրենց մոտ կհրավիրեն ծնողին նորածնի հետ միասին, նորածնի կյանքի և առողջության փաստին հավաստիանալու և արձանագրելու կապակցությամբ, ծնողի կամ ծնողների կողմից սահմանված ժամկետներում նորածնի հետ միասին չներկայանալու դեպքում հսկողություն իրականացնող բժիշկը պետք է անմիջապես իրազեկի իրավապահ մարմիններին, որոնք էլ իրենց հերթին իրենց իրավասության սահմաններում կզբաղվեն տվյալ ծնողների և նորածնի փաստացի բնակության վայրի այցելությամբ և հարկ եղած դեպքում նաև որոնողական աշխատանքներով։

Հայաստանում շատ հաճախ կանանց հղիության և ծննդաբերության փաստը մնում է գաղտնի և անհայտ, իսկ այնուհետև անհայտ են մնում նաև նորածին երեխաների ճակատագրերը և ոչ ոք չի կարող ասել կամ հավաստել նրանց հետագա ճակատագրերը և իրենց հետ կատարվող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը, արդյո՞ք այդ երեխաները ապրում են իրենց ընտանիքներում, թե դարձել են առք և վաճառքի առարկա կամ էլ դարձել են թրաֆիկինգի զոհ և ի վերջո Աստված չանի գուցե դարձել են Մեծամորում տեղի ունեցածի պես ողբերգական իրադարձութան զոհ։ Ուստի հարկավոր է հսկողության ժամանակ բոլոր առանց հղիության փաստը հաստատող փաստաթղթի կանանց համար սահմանել վարչական պատասխանատվություն, պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծ, որով հնարավոր կլինի խստացնել ծնողների պատասխանատվությունը և դրանով բոլորին իրազեկման կարգով հասկացնել, որ հետագայում բոլոր ընթացքը հսկվելու է պետության կողմից և օրենքով սահմանված կարգով, իսկ անպատասխանատու և նորածին երեխաների համար վտանգավոր ծնողներին` հոգաբարձուների խորհրդի և դատական ատյանների միջոցով զրկել հետագա ծնողական իրավունքներից, փրկելով երեխաների կյանքն ու առողջությունը։ Դրանով իսկ նպաստելով և ցույց տալով բոլորին, որ պետությունը անտարբեր չի իր ապագա սերունդների հանդեպ։

Հարգելի պարոն նախարար, խնդրում եմ որպեսզի անտարբեր չմնաք Հայաստանի Հանրապետության ներկայիս և վաղվա սերնդի նկատմամբ և հնարավորինս արագ արձագանքեք Ձեր դիրքորոշումը վերը նշված առաջարկներիս կապակցությամբ, հետաքրքրելու դեպքում պատրաստ եմ ամբողջությամբ ներկայացնել առաջարկիս նախագիծը և բոլոր անհրաժեշտ հանգուցալուծումների առաջարկները, միևնույն ժամանակ պատրաստ եմ Առողջապահության նախարարության հետ համատեղ ավելի մանրամասն ու մանրակրկիտ վերլուծությունների և առաջարկների հարցում և նախագծի հետ առնչվող բոլոր համատեղ հանգուցալուծումների հայտնաբերման գործում։

Իրավաբան` Էմիլ Մարկոսյան