Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՌԴ ու ՀՀ  առաջատար վնասվածքաբանները բարդ վիրահատություններ կատարեցին Արցախում

Օրերս ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի և ՀՀ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնի առաջատար օրթոպեդ-վնասվածքաբանները համատեղ 2 օր շարունակ բարեգործական վիրահատություններ են կատարել ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնում:

Նշենք, որ ՌԴ-ում Հայ բժիշկների ասոցացիայի անդամ, ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի ավագ գիտաշխատող բ.գ.թ. Գրիգորի Կարապետյանը ու օրթոպեդ-վնասվածքաբան Էդգար Հովհաննիսյանը և ՀՀ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ բ.գ.դ Արա Այվազյանը ու ավագ գիտաշխատող Խորեն Հովհաննիսյանը մեկնել են Արցախ երկու կենտրոնների միջև համագործակցության շրջանակում:

Մասնագետները ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնի Վնասվածքաբանության ծառայության ղեկավար Կարեն Դավթյանի հետ  իրականացրել են հետվնասվածքային բարդություններով, վերջույթների տարբեր դեֆորմացիաներով և չսերտաճած կոտրվածքներով հիվանդների վիրահատություններ ամենաժամանակակից մեթոդներով: Պետք է նշել, որ ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնում նման վիրահատությունների համար  ստեղծված են բոլոր պայմանները և հագեցվածությունը համապատասխանում է նորագույն միջազգային չափանիշներին:

Անդրադառնանք դեպքերից մի քանիսին.

  • ՀՀ Օրթոպեդիայի կենտրոնի (ՎՕԳԿ) մանկական բաժանմունքի օրթոպեդ- վնասվածքաբաների կողմից իրականացվել են միջամտություններ հետևյալ խնդիրներով՝
  • ազդրի ստորին երրորդականի փակ վերկոճային ոչ ճիշտ սերտաճող կոտրվածք (օսթեոէպիֆիզիոլիզ), կեղծ հոդ, նյարդային ցողունի հնացած վնասվածք: Կատարվել է ոսկրաբեկորների բաց համադրում, ախտաբանական ոսկրակոշտուկի և կեղծ հոդի էլեմենտների հեռացում և օստեոսինթեզ նորագույն LCP  հարթակով:
  • Սրունքի ոսկրերի Ս/3-ի հետվնասվածքային վարուսային դեֆորմացիա, մեծ ոլոքի դիստալ աճի զոնայի վաղաժամ փակումով (ասիմետրիկ էպիֆիզիոդեզ): Կատարվել է մեծ ոլոքի շտկող վալգիզացնող օստեոտոմիա և օստեոսինթեզ LCP հարթակով:
  • ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի բժիշկների կողմից կատարվել են՝
  • սրունքի և բազոսկրի միջին երրորդականի շրջանի կեղծ հոդով (վիճակ բազմակի վիրահատական միջամտություններից հետո) 2 հիվանդների վիրահատական բուժում՝ կեղծ հոդերի ռեզեկցիա, ոսկրաբեկորների ծայրերի թարմացում և MOS և LCP  հարթակովներով
  • անրակի ակրոմիալ ծայրի հնացած հոդախախտով հիվանդի վիրահատական բուժում ՝ հոդամակերեսների թարմացում, հոդախախտի ուղղում և MOS կարթաձև հարթակով:

Հետագայում համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. հաջորդ այցը նախատեսվում է 2018թ․ հուլիս ամսին։