Search
Close this search box.

Գործել է կազմակերպված հանցավոր խումբ․ «Աշտարակ-Կաթից» «քցված» տնտեսվարողները նամակ հանձնեցին կառավարությանը

«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունից տուժած 259 փոքր ու միջին ձեռնարկատերերից ոմանք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ նշելով, որ դիմում-գրություն են ուղարկել թե վարչապետին, թե նախագահին, թե նաև գլխավոր դատախազություն, որպեսզի վերջիններս իրենց լիազորությունների շրջանակներում միջամտեն այս խնդրին՝ «Աշտարակ կաթ»-ի իրենց իսկ բնորոշմամբ՝ ապօրինի գործողությունները պարզելու համար։ Տնտեսվարողները պահանջում են իրավապահ մարմիններից՝ հետաքննություն իրականացնել՝ պարզելու, թե ինչպես են «անհետացել այն գումարները, որոնք կաթնամթերք առաքելու պահին վճարվել են առաքիչներին, իսկ վերջիններս էլ իրենց հերթին դա մուտքագրել են ընկերության հաշվապահություն»։

Սույն գործով «Աշտարակ կաթ» ընկերության փաստաբանն օրերս հայտարարել է, թե ընկերության ներկայիս տնօրինությունն որևէ առնչություն չունի այս պատմության հետ, իսկ սնանկացման կառավարիչը այս տնտեսավարողներին դատի է տվել՝ օրենքի պահանջով։

«Մենք այդ հայտարարության հետ համաձայն չենք, որովհետև, եթե դա օրենքի պահանջն էր, ապա իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերը չէին ոչնչացվի, չէին պարտակվի , չէին թաքցվի։ Այդպես են անում, որպեսզի կարողանան այս մարդկանցից նորից գումարներ կորզեն։

Մենք համոզված ենք, որ գործել է կազմակերպված հանցավոր խումբ․ խաբկանքի, խարդախության միջոցով փորձում են կողոպտել մանրածախ առևտրով զբաղվող փոքր ու միջին բարեխիղճ ձեռնարկատերերին։ Թե ինչ հիմքերով է տվյալ անձնավորությունը՝ փաստաբանն այդ հայտարարությունն արել՝ ինքը կիմանա և մենք այս պահի դրությամբ չգիտենք, թե ով է բանսարկուն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Հայաստանի տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։

Տնտեսվարողների հետ այսօր հանդիպեց կառավարությունում քաղաքացիների ընդունելության բաժնի ներկայացուցիչ Հայկ Սիմոնյանը և վստահեցրեց՝ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո իրենք իրենց լիազորությունների շրջանակներում քայլեր կձեռնարկեն։

Հիշեցնենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը դատի է տվել 259 փոքր ձեռնարկատերերի՝ պահանջելով նախկինում մատակարարված կաթնամթերքի գումարները, որոնք ինչպես այդ խանութների սեփականատերերն են հավաստիացնում՝ վճարել են առաքիչներին կաթնամթերքն իրենց խանութ առաքելու պահին։