Search
Close this search box.

Ինչու է 37-ամյա կինը երեխայի հետ նետվել կամրջից

Ընդամենը օրեր առաջ հանրությունը ցնցվեց մոր և դստեր կամրջից նետվելու դեպքից: Թեև երկու օր է անցել այս ողբերգական դեպքից և մամուլում շրջանառվում են տարբեր վարկածներ, իսկ իրավապահներն աշխատում են գործով բոլոր հանգամանքների պարզման և ստուգման ուղղությամբ, սակայն նման քայլի  դրդապատճառը մնում է ոչ միայն անհասկանալի, այլ նաեւ անընկալելի։ Ինչպես է մայրը իր երեխային նետել բարձրությունից…

Pastinfo.am գրում է՝ նախնական վարկածով՝ 92 մետր բարձրությունից կինը սեփական երեխայի հետ ցած է նետվել, ի՞նչ հոգեվիճակում  է գտնվել 37-ամյա կինը, իսկ երեխա՞ն, ի՞նչ է նախորդել այս ողբերգական քայլին, ինչպե՞ս է մայրը երեխային բացատրել, թե ինչո՞ւ են նետվում: Հարցեր,  որոնք դեռևս պատասխաներ չունեն:

Ըստ մեր տեղեկությունների,  կինն ամուսնալուծվել է տարիներ առաջ. երեխայի ծնվելուց հետո ամուսիններն ամուսնալուծվել են։ Կինը բնակվել է հայրական տանը, սակայն երեխայի հայրը դստեր հետ կապը չի խզել՝ ամսական գումար է տվել, երբեմն-երբեմն հանդիպել, զանգել, նվերներ տվել։

Ասել է, թե ամուսնալուծության հետ կապված սթրեսային իրավիճակը կինը պետք է որ վաղուց  հաղթահարած լիներ:  Մեզ հայտնի է դարձել, որ կինը ամանորի տոնական օրերին ցանկություն է հայտնել նորից միանալ ամուսնու հետ, սակայն վերջինս չի համաձայնել։:

Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե կնոջ ամուսնու ընտանիքի անդամներն աղանդավորականներ են և ցանկացել են երեխային ընդգրկել այդ աղանդի մեջ, իսկ կինը չի թույլատրել, սակայն այս տեղեկությունները հերքվեցին տղամարդու հարազատների կողմից:

Հաջորդ վարկածն էլ վերաբերում էր սոցիալական խնդիրներին։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝  կինը եւ նրա մայրն աշխատել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում, սակայն մոր վերջերս  աշխատանքից ազատել են։ Կնոջը եւս ցանկացել են  աշխատանքից ազատել և նրանք հայտնվել են սոցիալապես ծանր վիճակում, սակայն այս հարցի վերաբերյալ տեղեկություններ տարածվեցին, որ իրականում ինքնասպանություն գործած կնոջն աշխաանքից չեն ազատել և միայն  տեղափոխել են այլ աշխատանքի:

Հայտնի է նաև, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատող կինը վերջին անգամ աշխատանքի է գնացել այս երկուշաբաթ օրը և խնդրել  իր անմիջական վերադասին՝ հաջորդ օրը թույլատրել ուշ աշխատանքի գնալ, քանի որ բժշկի պետք է գնա: Կնոջը թույլատրվել է, և հաջորդ օրն արդեն նա աշխատանքի չի գնացել:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դիակները հայտնաբերվել են  փետրվարի 15-ին՝  Դավթաշենի կամրջի տակ, հողածածկ հատվածում։ Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։

Փաստի  առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 110-րդ հոդվածի 1-ին մասերով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք։

Մոր և դստեր մահվան՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։ Այսօր կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից։ Ասել է թե՝ դիակներն ավելի ուշ են հայտնաբերվել, իսկ դեպքը թերեւս տեղի է ունեցել փետրվարի 13-ին։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ նրանց գտնվելու վայրն անհայտ է եղել փետրվարի 13-ից։ ՔԿ-ից հայտնել են, որ փետրվարի 13-ին՝ ժամը 22։25-ին։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում մի քաղաքացի ահազանգել էր, որ նույն օրը՝ ժամը 18-ի սահմաններում, մայր և աղջիկ տանից դուրս են եկել և դեռ չեն վերադարձել։

Քննիչը պարզել է, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, կինը 2009թ. ծնված դստեր հետ այցելել է «ՏաշիրՊիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ և պատվիրել պիցցա, վերցրել այն և դուրս եկել։ Նրանց հետագա երթուղին պարզելու համար ուսումնասիրվում են  հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։