Search
Close this search box.

Ում թեկնածություններն են քննարկում վարչապետի պաշտոնի համար

Ինչպես հայտնի է` Բագրատ սրբազանը տվել է վարչապետին եւ գործող կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանական գործընթացի մեկնարկը, ինչը նշանակում է, որ խորհրդարանական ընդդիմությունը 36 ստորագրությամբ պետք է ԱԺ մտցնի իմպիչմենտի դիմում, որտեղ պետք է մատնանշված լինի վարչապետի իրենց թեկնածուի անունը: Սա առաջին քայլն է եւ թվում է ամենադյուրինը, բայց միայն առաջին հայացքից:

Եւ այս օրերին ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները քննարկում են վարչապետի թեկնածուի հարցը, փորձում են կոնսենսուսի գալ: Սակայն հարցն այն է, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից կառավարվող այս երկու ուժերի միջեւ հակասություններն այնքան են խորացել, որ նրանք ի վիճակի չեն համաձայնության գալ ամենատարրական հարցերում, ուր մնաց` վարչապետի թեկնածուի: 

Մեզ հասած տեղեկություններով, երկու ուժերի միջեւ բուռն եւ երկարատեւ քննարկումներ են գնում` ամեն մեկը փորձում է հիմնավորել իր առաջարկած թեկնածուին: «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է ներկայացնել Արման Թաթոյանի, իսկ «Հայաստան» դաշինքը` Գրիգորի Խաչատուրովի թեկնածությունները: Երկու թեկնածուն էլ առանձին-առանձին լավն են եւ հանրությունն էլ նրանց կարող է աջակցել, բայց փաստաթղթում պետք է մեկի անունը գրվի, իսկ խմբակցությունները չեն կարողանում համաձայնության գալ: 

Որոշ շրջանակներ փորձում են առաջ մղել Բագրատ սրբազանի թեկնածությունը` հիմնավորելով, որ նրա երկքաղաքացիությունը խոչընդոտ չէ: Իսկ ավելի իրատես գործիչներն առաջարկում են կանգ առնել մի չորրորդ թեկնածուի վրա` հայտարարել, որ նա լինելու է անցումային թեկնածու, համաձայնության գալ եւ գործընթացն առաջ տանել: Մանավանդ դեռ հստակ չէ` արդյոք կարողանալո՞ւ են ՔՊ-ից 18 ձայն իրենց կողմը քաշել:
hraparak.am