Search
Close this search box.

Ո՞ւմ համար էր հոգեբույժների կանչը՝ Տարոնի՞, Գոռ Վարդանյանի՞, թե՞… Փոստանջյանը ճշտումներ է կատարում

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեղեկատվություն ստանալու նպատակով՝ դիմել է  ՀՀ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանին.

Հարգելի տիկին Ստեփանյան,

Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

Լայն հանրությունը տարիներ շարունակ առնչվել է ՀՀԿ-ն ներկայացնող պաշտոնատար անձանց ոչ համարժեք պահվածքին, որը նաև գնահատվել է որպես թմրամոլների վարքագիծ: Երբեմն  ՀՀԿ-ն ներկայացնող պաշտոնատար անձանց մոտ նկարագրվում է նույնիսկ կոկաինային փսիխոզ, որը, ըստ մասնագետների, հաճախ դրսևորվում է կոկաինային պարանոյաի տեսքով: Այս անձանց մոտ կոկաինային կախվածությունը, ըստ իրենց սպասարկող անձնակազմի, առաջացրել է դեմենցիա և զառանցանքներ:

Ելնելով տվյալ իրավիճակից և հաշվի առնելով փետրվարի 13-ին հոգեբուժական բրիգադի աշխատակիցների ներկայությունը Երևանի ավագանու նիստին՝ ոչ միայն հանրության շրջանում են հարցեր առաջացել, այլ նաև՝ մեզ մոտ:

Այսպես, փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ նիստերի դահլիճ են եկել  «Շտապօգնություն» ՓԲԸ-ի հոգեբուժական բրիգադի աշխատակիցները, ովքեր մինչև նիստի ավարտը հերթապահել են դահլիճում: Ո՞րն էր տվյալ հոգեբուժական բրիգադի աշխատակիցների առաքելությունը՝ ո՞վ էր նրանց հրավիրել, ո՞ւմ  համար էին նրանք ժամանել և ինչպիսի՞ բուժօգնություն պետք է տրամադրեին՝ իմ այս հարցադրումներին այդպես էլ պատասխան չի տրամադրվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

Հոգեբուժական բրիգադի աշխատակիցները հաճա՞խ են նման կանչեր ունենում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրից՝ Բաղրամյան 26 հասցեից:

Հոգեբուժական բրիգադի աշխատակիցները հաճա՞խ են նման կանչեր ունենում Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնից՝ Ազգային ժողովից՝  Բաղրամյան 19 հասցեից:

Հոգեբուժական բրիգադի աշխատակիցները հաճա՞խ են նման կանչեր ունենում Հայաստանի Հանրապետության Կառավարությունից՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեից:

Հոգեբուժական բրիգադի աշխատակիցները հաճա՞խ են նման կանչեր ունենում  Երևանի քաղաքապետարանից՝ Արգիշտի 1 հասցեից:

Համաձայն Երևանի քաղաքապետարանում շրջանառվող լուրերի՝ շտապ օգնության հոգեբուժական բրիգադի աշխատակիցները երբեմն կանչի հիման վրա  բուժօգնություն են տրամադրում Տարոն Մարգարյանին,  Հովհաննես Ավանեսյանին,  Գոռ Վարդանյանին,  Դավիթ Օհանյանին,  Էդմոնդ Կիրակոսյանին, Սերգեյ Մկրչյանին  և Վասպուրակ Մարտիրոսյանին:  Ականատեսը լինելով 2018 թվականի փետրվարի 13-ին հոգեբուժական բրիգադի աշխատակիցների այցին քաղաքապետարան ու նրանց հերթապահությանը քաղաքապետարանի նիստերի դահլիճում և նրանց ագրեսիվ վարքագծին, նրանց կողմից բռնություն (այդ թվում՝ սեռական ոտնձգություն) իրականացնելուն՝ լրատվամիջոցների առջև, ուղիղ եթերում՝ առաջացրել է հետևյալ հարցերը.

Ո՞վ էր ներկայացրել Շտապ օգնության կանչը, մասնավորապես՝ ո՞ւմ համար էր այն ներկայացվել՝ Տարոն Մարգարյանի՞,  Հովհաննես Ավանեսյանի՞,  Գոռ Վարդանյանի՞, Դավիթ Օհանյանի՞,  Էդմոնդ Կիրակոսյանի՞,  Սերգեյ Մկրտչյանի՞,  Վասպուրակ Մարտիրոսյանի՞:

Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար