Search
Close this search box.

Կդիմադրի՞ արդյոք Փաշինյանը

Այս հարցում մատերիալիստների և իդեալիստների հայացքները 180 աստըիճանով տարբեր են: Այո՝ ասում են մատերիալիստները, ոչ՝ ասում են իդեալիստները: Ինձ համալսարանում սովորեցրել են, որ իդեալիզմն իր էությամբ շատ հետաքրքիր է, բայց ճիշտն, այնուամենայնիվ, մատերիալիզմն է: Եվ ես մի կանխակալ մոտեցում ունեմ այս հարցում՝ էս գլխից ենթադրում եմ, որ Փաշինյանը դիմադրելու է և չի հեռանալու նույնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ եկավ իշխանության: Հիմա կասեք՝ բա ինչպե՞ս պատահեց, որ 2018-ին հաղթեց իդեալիզմը, վերցրին ու իշխանությունը տվին Փաշինյանին: Կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել 2018-ի իշխանություններին, որոնք հաշված օրերի ընթացքում վերջացրին ամեն ինչ ու գնացին տուն՝ ամենամեծ անակնկալը մատուցելով ինձ: Ո՞վ կսպասեր, որ Սերժ Սարգսյանն այդ ստերիլ իրավիճակում կգնար նման քայլի: Գուցե նա իդեալի՞ստ էր, գուցե տեսնում էր ավելին, քան մե՞նք: Ի դեպ՝ իդեալիզմ եզրույթը հունարեն իդեա բառից է, որը նշանակում է տեսնել: Սովորական կիրառության դեպքում նշանակում է իդեալների, սկզբունքների, արժեքների և նպատակների առաջնայնություն կոնկրետ իրողությունների համեմատ: Իդեալիստները վստահ էին, որ իրենց շուրջ կատարվող ամեն ինչ մտքի արգասիք է և կարելի է դրանց վրա ազդել անձնական փորձի ֆենոմենոլոգիական հետազոտությունների միջոցով: Հենց այդպես ու այդքան Սերժ Սարգսյանը դիմադրեց Նիկոլին՝ չնայած նրան, որ ուներ իշխանության «ֆենոմենալ անձնական փորձ»: Ազատիչն իսկապես հետաքրքիր մարդ է: Ճիշտ նույն կերպ կվարվեին մեկ էլ մ.թ. 4-րդ դարի հնդկական «Յոգացարա» (միայն մտավոր) իդեալիստական ուղղության հիմնադիրները, որոնք երևույթները դիտարկում էին ոչ թե իրականության մեջ, այլ իրենց մտքի ուժով: Եվ Սերժ Սարգսյանի միտքն ինչ-որ պահի նրան հուշեց՝ Նիկոլը ճիշտ է…

Այսօր մեր խնդիրն այլ է: Մենք տուն ենք ճանապարհում մի իշխանության, որ նույնիսկ ամենահեռավոր աղերսներ չունի իդեալիզմի հետ: Իդեաներ՝ մտքեր չունի, հետևաբար չունի նաև իր շուրջը տեղի ունեցող գործընթացների մտավոր գնահատանք և ուսումնասիրություն: Նրանք մատերիալիստ են, եթե կուզեք՝ ծպտված մարքսիստ, սարսափելի պրագմատիկ եւ ծալած ունեն ամենամեծ իդեալիստներ Կանտին, Հեգելին, Ֆիտչին, Շելլինգին, Շոպենհաուերին: Մի բան ծուռ դրված լինի՝ կխփեն թևների տակ, կտանեն: Ի՞նչ մտածել, ի՞նչ բան: Կալի վրա են, էլ հին ու նոր չեն հարցնում, քանդում են, ոչնչացնում ամեն ինչ, որ կարող է խանգարել իրենց: Պռոշյանի խոսքով ասած՝ աչքի սուրմա թռցնող:

Եվ, ահա, եկել է մի սրբազան, իր շուրջը հավաքել ժողովրդին ու պահանջում է, որ այս իշխանությունը հեռանա: Ընդ որում՝ այս իրապաշտ ռեալիստներից (սատանաներից) պահանջում է հեռանալ խաղաղ ու անցնցում՝ այնպես, ինչպես եկել են իշխանության: Ես պարզորոշ տեսնում եմ, որ իդեալիզմի ընդգծված տարրեր կան նաև Բագրատ սրբազանի գլխավորած շարժման մեջ, բայց սա շարժում է միանգամայն հակառակ ուղղությամբ՝ միտքն է ելել անմտության դեմ, ոգին՝ դուխավիկ էշության, կամքը՝ կամակորության, պետական մոտեցումը՝ խամաճիկության: Եվ ամենակարևորը՝ Բագրատ սրբազանի թիկունքին ժողովուրդն է, այն ժողովուրդը, որին մի օր ասացին, որ Նիկոլը ճիշտ է: Այնպես որ հետաքրքիր պայքար է սպասվում: Ես կասեի՝ պայքար Խաչի և սատանայի միջև, բայց ես այդ աստիճան սնոտիապաշտ չեմ, ավելի հակված եմ մտածելու, որ սա պայքար է ժողովրդի և նրա դեֆակտո իշխանության միջև:

Եվ ուրեմն, ի՞նչ կանի Նիկոլը, կհեռանա՞, թե՞ ինքն էլ իր «դիմադրության» շարժումը կսկսի: Այս հարցին պատասխանելու համար պետք է հաշվի առնել մեկ բան՝ վերջնարդյունքը նույնն է լինելու: Երկու դեպքում էլ Նիկոլը հեռանալու է, լինի դա առանց զոհերի, թե զոհերով: Կա տարածված թեզ, որ Նիկոլն իր կամքով չի հեռանա: Դա ինքնին պարզ է: Նիկոլը որ ինքնակամ հեռացող լիներ, 2020թ. նոյեմբերի 9-ին հրաժեշտ կտար հայությանը: Որ ինքնակամ հեռացող լիներ, 2021թ. փետրվարի 25-ին կհեռանար ու չէր վերարտադրվի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով։ Որ ինքնակամ հեռացող լիներ, կհեռանար ՀՀ սուվերեն տարածքներում թշնամու զինված հրոսակախմբերի հայտնվելուն պես… Ինքնակամ հեռանալու պատճառների ու առիթների պակաս Նիկոլը չի ունեցել: Այսօր էլ, երբ քանդվել է նրա խաղաղության խաչմերուկը, երբ Ալիևը միանձնյա է որոշում, թե որտեղ պետք է տնկվի հերթական սահմանասյունը, Նիկոլ Փաշինյանը դարձյալ հրաշալի առիթ ունի իրերը կապելու և հեռանալու այս բառի ուզածդ հնչերանգի ներքո:

Գործընկերներս ոչ այն է պնդում են, ոչ այն է հաստատում, որ Նիկոլը կդիմադրի, այն էլ կատաղի: Ասում են՝ քանի դեռ որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ կաջակցեն Նիկոլին, նա չի հեռանա: Այսինքն, հիմա ի՞նչ պիտի անի Բագրատ սրբազանը, որ այդ կենտրոնները չաջակցեն խնդրո առարկա սուբյեկտին: Ժամանակն էլ մի կողմից է սեղմում: Այս տեմպերով Փաշինյանը կարող է ամեն ինչ հանձնել: Ուստի երկու ճանապարհ է մնում՝ կամ ընկրկել ու ներքաշվել պատյանի մեջ, կամ հեռացնել Փաշինյանին՝ իր նախընտրած զենքով: Կուզի՝ խաղաղ, չի ուզի՝ բռնի, կուզի՝ անարյուն, չի ուզի՝ արյունով: Որպեսզի թյուրըմբռնում չլինի, մեկ անգամ էլ կրկնեմ՝ Փաշինյանն ինքն է ընտրելու զենքը: Այդ դեպքում հեշտ կլինի չեզոքացնել նաև աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունը: Բագրատ սրբազանը, ինչքան էլ ամենամեծ ուժն ունի իր թիկունքում՝ ժողովուրդը, տրամադրված է խաղաղ իշխանափոխության: Գնդակը, միանշանակ, Նիկոլի կիսադաշտում է, մնում է, որ նա որոշում կայացնի, իր կյանքի թերևս ամենակարևոր որոշումը՝ ելնում է հայ ժողովրդի դե՞մ, թե՞ հեռանում է ապաշխարելու:

Հ.Գ. Նիկոլ, խորհուրդ եմ տալիս՝ կամոդը չտանել՝ դնել պոյեզի գծերի վրա: Հայ-հայդ գնացել, վայ-վայդ է մնացել: Պարտիզան-պարտիզան խաղալու ժամանակը չէ: Թուրքը որ մտավ Հայաստան՝ առաջինը քեզ է վերացնելու: Նրան աշխարհաքաղաքական կենտրոններից ղեկավարվող «հերոսներ» պետք չեն: Այս շարժումը քո փրկության շանսն է, Նիկոլ: Փրկվիր խաղաղությամբ։

Hraparak.am