Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ն ունի մեկ մարտահրավեր՝ ստեղծել հզոր անվտանգային համակարգ և դրան ուղղել մեր բոլոր ռեսուրսները». Մեսրոպ Առաքելյան

«Երբ 2 տարի առաջ տեղի ունեցավ կուսակցության համագումարը ակնհայտ էր, որ 44-օրյա պատերազմից ամիսներ անց արդեն Հայաստանի ու Արցախի շուրջ ծառացած նոր մարտահրավերները լուրջ վտանգ են ներկայացնում մեր հայրենիքի համար: Եվ պետության, և հայության բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեին այդ մարտահրավերների դիմակայմանը: Բայց ինչ ունեցանք այս երկու տարվա ընթացքում՝ հերթական կորցրած տարիներ, որոնց արժեքը գնալով ավելի կարևոր է դառնում, ավելի անդառնալի»,- «Ապրելու երկիր» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, ում համոզմամբ՝ իշխանություններն այս երկու տարվա ընթացքում չեն հասկացել մի պարզ բան, որ խաղաղության օրակարգի հատատատումը պայմանագրի ստորագրումով չի լինում: Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ ունենք բազմաթիվ պայմանագրեր, որոնք մնացել են պատմության դասագրքի էջերում, իսկ Արցախի վերաբերյալ վերջին փաստաթուղթը խախտված է արդեն 132 օր, երբ մեր հայրենակիցների մի մասը տոտալ շրջափակման մեջ է՝ ի հեճուկս խաղաղության դարաշրջանի:

«Ապրելու երկիր» կուսակցությունը խաղաղության հաստատման համար առաջարկում է իր ճանապարհը՝ ունենալ հզոր անվտանգային համակարգ՝ բառի ամենալայն իմաստով՝ ռազմական, նյութական, տեղեկատվական, տնտեսական անվտանգություն և այլն: Իսկ ի՞նչ ունենք այսօր՝ հարցնում է Մեսրոպ Առաքելյանը. «Պատերազմից 2.5 տարի անց շարունակում են խոցելի մնալ մեր սահմանները, և միայն մեր զինվորների նվիրական պայքարի շնորհիվ է, որ կորուստները սահմանափակված են այսքանով: Իսկ Տեղ համայնքում կատարվածը դուրս է ցանկացած տրամաբանությունից, երբ 8 ամիս առաջ իմանալով սահմանային փոփոխության մասին՝ ինժեներական աշխատանքներ են իրականացվում սահմանային փոփոխությունից երկու շաբաթ անց: Այսինքն՝ բացահայտ անգործության և փնթիության պատճառով, ունեցանք հերթական զոհերը, տարածքային կորուստները»,-նշեց Մեսրոպ Առաքելյանը:

Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ՝ Ադրբեջանի բռնապետ իշխանությունը կանգ չի առնելու, իսկ հոխորտացող հռետորաբանությունն ու գործողությունները նպատակ ունեն թուլացնել Հայաստանն ու Արցախը՝ օրակարգում չունենալով խաղաղություն հաստատելու որևէ մտադրություն: Մեսրոպ Առաքելյանի փոխանցմամբ՝ իշխող ուժը խաղաղության ինքնախաբեության օրակարգն ամեն օր փորձում է հրամցնել հանրությանը՝ դրան գումարելով Արցախից հրաժարվելու ծրագիրը, բացահայտ հայտարարելով, որ Արցախի հարցում իշխանությունն անելիք չունի. «Հրաժարվում է ոչ միայն հազարավոր զոհերի թափված արյունից, մեր պատմական ձեռքբերումներից, այլ նաև ՀՀ-ի անկախության հռչակագրից, նույնիսկ կառավարության իր ծրագրից»,- նշեց նա՝ հավելելով, որ անկանոն ու անհետևողական անվտանգային արտաքին քաղաքականության արդյունքում ծայրահեղ վտանգված է Արցախի վիճակը, իսկ Հայաստանի սահմանները խսիտ խոցելի են:

Ինչ անել, հարցնում է Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով, որ ստեղծված իրավիճակում ՀՀ ունի մեկ մարտահրավեր՝ ստեղծել հզոր անվտանգային համակարգ և դրան ուղղել մեր բոլոր ռեսուրսները՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից: Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ պետք է փոխել նաև տնտեսության կառուցվածքը՝ շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտների գերակայության փոխարեն ռազմարդյունաբերությունը դարձնել թիվ մեկ ոլորտը՝ գիտության և բարձր տեխնոլոգիաների համադրմամբ. «Վստահ եմ, որ հայ ազգի ռեսուրսները ի զորու են շատ կարճ ժամանակահատվածում ռազմարդյունաբերության ոլորտում արձանագրել հաջողություններ: Բանակաշինության բացթողումները շտկելու համար կարիք ունենք կառավարման որակի բարեփոխումենրի »,- նշեց նա՝ ընդգծելով, որ ժամանակակից բանակը ոչ միայն զենք ու զինվոր է, այլ ճիշտ և արդյունավետ կառավարում:

Մանրամասները՝ տեսանյութում: