Search
Close this search box.

«Հրապարակ». «Երկիր մեդիան» վերադառնում է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մոտ օրերս «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը կվերադառնա համապետական հեռարձակման տիրույթ։ Բանն այն է, որ արգելանքը, որը կիրառել էր դատարանը՝ բավարարելով Հ2 հեռուստաընկերության դատական հայցի շրջանակներում ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, այլեւս չի գործում։

Հ2-ը պահանջել էր մրցույթի ներկայացված 5 սլոթներից մեկի վրա արգելանք կիրառել՝ հանելով շրջանառությունից, մինչեւ դատարանը վերջնական վճիռ կկայացնի։ Ի դեպ, Հ2-ը կրկին հաղթել է ՀՌՀ-ին՝ առաջին ատյանի դատարանը որոշել է, որ անցած տարի հայտարարված մրցույթում նույնպես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն արդար որոշում չի կայացրել եւ չեղարկել է մրցույթը։ ՀՌՀ-ն դիմել է վերաքննիչ դատարան։ Որպեսզի դատական այս խառը, մի քանի ֆրոնտով ընթացող վեճի մեջ շատ չխորանանք, պարզապես նշենք, որ «Երկիր մեդիան» կվերադառնա եթեր՝ մինչեւ Հ2-ՀՌՀ դատական վեճը վերջնականապես ավարտվի, եւ ուժի մեջ մտած վճիռ լինի։ Իսկ դա կարող է մոտ մեկ տարի տեւել, որից հետո հեռուստատեսության ազատ սլոթի համար նոր մրցույթ կհայտարարվի, եւ եթերից զրկված հեռուստաընկերությունները կմասնակցեն դրան»: