Search
Close this search box.

Աշոտյանը պատասխանում է Փաշինյանին

«Սերժի ժամանակ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրված է եղել Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում։ Այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է սոցցանցի իր էջում։

Նա մատնանշել է ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգի դրույթները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
Նա նշել է, որ 2013 թվականի հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կար առանձին դրույթ, որով ամրագրվում էր ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի կարևորությունը, այլև այն սկզբունքները, որոնք արծարծված էին 2009-2011 թթ համանախագահների հայտարարություններում։
Դրանից բացի Աշոտյանը շեշտել է նաև, որ 2016 թվականին ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնպես ներառված էր դրույթ, որտեղ նույնպես բացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի ընդգծումից, արդեն հղում էր արված կոնֆլիկտի` 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կարգավորման սկզբունքներին:

Աշոտյանն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն Արցախյան հակամարտության լավագույն լուծումն էր։
«Հիշեցնեմ, որ այդ սկզբունքների մեջ էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխավորությունը. փաստացի ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության մեջ այս իրավունքը դիտում էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում՝ մյուս 2 համանախագահ երկրների հետ միասին»,– նշել է Աշոտյանը:

Նա նաև շեշտել է, որ ՌԴ արտաքին քաղաքականության 2023 թվականի հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Մադրիդյան սկբունքներն են խանգարել Լեռնային Ղարաբաղի ինքնոշորոշմանը` կրկին մեղքը բարդելով նախկին իշխանությունների վրա։ Փաշինյանի խոսքով` մինչև 2007 թվականը Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումը կայանում էր նրանում, որ ԼՂ–ն երբեք չի եղել անկախԱդրբեջանի կազմում, իսկ 2007 թվականին հայտնվեցին Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները։
Ըստ վարչապետի` այնտեղ նշվում էր նաև, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը, և դրա մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի Ադրբեջանի հետ։