Search
Close this search box.

«Հրապարակ». Եթե չհանձնեինք Բերձորն ու Աղավնոն, սահմանը չէր տեղափոխվի Տեղ գյուղի մատույցները

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

– Օր օրի Ադրբեջանն ավելի լկտի քաղաքականություն է որդեգրում: Ադրբեջանցիներն արդեն Սյունիքի մարզում մարդկանց տներն են ներխուժում, վարելահողեր են զավթում: Երեկ անգամ հրետանի կիրառեցին Տեղ գյուղի ուղղությամբ, կրակեցին մեր դիրքապահների վրա, եւ մենք նորից զոհեր ունեցանք, այդ թվում` բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը վիրավորվեց: Այս ամենի ֆոնին ավելի ու ավելի քիչ է խոսվում արդեն չորս ամիս շրջափակված Արցախի մասին:
– Այսօր տեղի ունեցող իրադարձություններն արդյունքն են 2018 թվականին տեղի ունեցած դեպքերի: Այն քաղաքականությունը, որը 2018-ից սկսեց վարել Նիկոլ Փաշինյանը, մեզ հենց այստեղ պետք է տաներ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ նպաստեց այս ամենին: Ո՛չ Հայաստանում եւ ո՛չ էլ Արցախում ազգային ուժերը չկարողացան պարտված իշխանությունների պարտվողական քաղաքականության վերջը տալ: Պարտված իշխանությունները չպետք է մինչ օրս մնային իշխանության ղեկին: Հենց այդ` մեկը մյուսին հաջորդող պարտությունների շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունները մնում են իշխանության ղեկին: Արդեն երկու տարի է՝ մենք այդ մասին ենք խոսում, սակայն իրականությունն այն է, որ սրանցից ազատվել չենք կարողանում: Սյունիքի եւ Արցախի դեպքերը ոչ թե ստվերում են իրար, այլ, կարելի է ասել, սրանք մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են: Եթե չհանձնեինք Բերձորն ու Աղավնոն, սահմանը չէր տեղափոխվի Տեղ գյուղի մատույցներ, եւ տեղի չէին ունենա Սյունիքի դեպքերը: Ադրբեջանաթուրքական տանդեմն իր քաղաքականությունն առաջ է տանում, իսկ հայկական կողմը ոչ մի գործնական դիմադրություն ցույց չի տալիս:

– Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ռուս խաղաղապահները սկսել են ավելի զիջել, գուցե անգամ համագործակցել ազերիների հետ` հայերի համար ծուղակներ պատրաստելով:
– Անկեղծ ասած, այդ մասով ոչինչ չգիտեմ, սակայն, ըստ իս, պետք չէ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մեղքը Ռուսաստանի վրա բարդել: Դա առնվազն սեփական մեղավորությունը թաքցնելու պրոցես է, որը միտված է Ռուսաստանի Դաշնությանը հեղինակազրկելուն: Թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում կա նման միտում: Անիմաստ է ռուսներին մեղադրել մի բանում, որի մեղավորը մենք ենք: Ռուսներին մեղադրելով՝ մենք ծուղակի մեջ ենք հայտնվում:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ խոսեց նոր հնարավոր էսկալացիայից խուսափելու մասին:
– Առհասարակ, Հայաստանի վարչապետի ցանկացած հայտարարություն տարածաշրջանում չի կարող ունենալ որեւէ ազդեցություն, որովհետեւ Հայաստանի իշխանություններն արդեն ոչ թե բանակցող են, իրադարձություն զարգացնող, այլ բանակցությունների առարկա են, եւ հենց նրանց մասին են արդեն բանակցում: Այն հայտարարությունները, թե պետք է խաղաղության ճանապարհով գնանք, որեւէ նշանակություն չունեն: Տարածաշրջանում պրոցեսները տեղի են ունենում Հայաստանի իշխանություններից անկախ:

– Արդեն չորս ամիս է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Տպավորություն է, թե մարդիկ այս իրավիճակին հարմարվել են:
– Արդեն չորս ամիս է՝ Արցախը տոտալ շրջափակման մեջ է, սակայն կարողանում է դիմադրել: Ամեն դեպքում, դիմադրելը հարցի լուծում չէ, պետք է պայքարել: Մայր Հայաստանը, որ միշտ Արցախի կողքին է եղել, այսօր իշխանությունների պատճառով դարձել է նշանակություն չունեցող կողմ: Ամեն դեպքում, Արցախն ամեն կերպ փորձում է դիմակայել այս ամենին: Ադրբեջանն ամեն օր նոր խնդիրներ է ավելացնում եւ շարունակելու է ավելացնել ճնշումները, որպեսզի կարողանա իր նպատակներն իրագործել: Ցավոք, Արցախն այսօր միայնակ է կռիվ տալիս: