Search
Close this search box.

«Ես թուրք, Ալիեւին էլ վստահեցրել ենք»․ Շոյգուն այս անգամ Պապիկյանին չթողեց բացել արկղը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Կյուժուգեթ օղլու Շոյգուն Մոսկվայում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ՇՀԿ երկրների և ԱՊՀ մասնակիցների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում, հայտնում է ТАСС գործակալությունը: Հանդիպման ընթացքում Շոյգուն ու Պապիկյանը հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։

«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ի գծով և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում: Մենք առանձնահատուկ կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը և Հայաստանի զինված ուժերի ներուժը բարձրացնելու գործում աջակցության ցուցաբերումը», ասել է Սերգեյ Շոյգուն:

2021 թ․ օգոստոս, Շոյգուն ՊՆ այն ժամանակվա ղեկավար Կարապետյանին դաշույն է նվիրում

2021-ի օգոստոսին Շոյգուն Մոսկվայում ընդունել էր այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին եւ նրան դաշույն նվիրել։ Դրանից հետո հայերին ավետեցին, թե իբր Շոյգուն Կարապետյանին ասել էր՝ համարեք ժամանակակից սպառազինության մատակարարումը սկսում է։ Հետո Մոսկվայից հերքեցին այդ տեղեկությունը, իսկ Ալիեւը հայտարարեց, որ Մոսկվայից ամենաբարձր մակարդակով իրեն հավաստիացրել են, որ Հայաստանին զենք չեն մատակարարելու։

Հետո արդեն պարզվեց, որ Ռուսաստանը ոչ միայն չի մատակարարել զենքը, այլեւ չի վերադարձնում դրա համար վճարված փողը։

Զենք մատակարարելու վերաբերյալ «արտահոսքը» նույն շարքից էր, ինչ «Պուտինը շուտով վերադարձնելու է Շուշին ու Հադրութը հայերին», «Պուտինը Շոյգուին հանձնարարել է անձամբ զբաղվել Փառուխի հարցով եւ Բաքվի զորքերին հեռացնել ելման դիրքեր» եւ այլն։ Իսկ զենքը չէին տալու պարզ պատճառով․ Ռուսաստանն է ծրագրել ու առաջնորդել Հայաստանի դեմ Արցախում 2020-ի ռազմական արշավը (Ռուսաստանում միլիոնավոր թուրք է ապրում, ինքս այդ թուրքերից եմ, Թուրքիայի հետ բարդ օպերացիա իրականացրինք Ղարաբաղում, միասին հայերից խլել ենք Ղարաբաղը, 5000 հայ սպանել՝ էլ ինչ եք ուզում, ի՞նչ Թուրանի բանակ, ինչների՞դ է դա պետք, ո՞ւմ դեմ է, մե՞ր դեմ՝ Շոյգու)՝ Արցախի տարածքները թուրքերին հանձնելու դիմաց իր զորքը մտցնելով Արցախ, Հայաստանի դեմ «հետպատերազմյա կարգավորումը»՝ ՀՀ տարածքի վերաձեւումն ու անկախ պետականության ոչնչացումը հայկական բանակի ու պաշտպանական դիրքերի կազմալուծմամբ։

Շոյգուի հետ վարժապետ-նախարարի հանդիպման լուսանկարում արկղը արդեն փակ է, միջի դաշույնը չի երեւում, ի տարբերություն նախորդ անգամվա։ Ռուսական զենքի ու բանակի առասպելը հօդս է ցնդել, ինչպես նաեւ «ռուսական խողովակով հայկական բանակի արդիականացման»՝ քպ-ական ու նրա հենակ «ընդդիմության» ապուշությունը։ Ռուսները հիմա տենդագին զենք են մուրում Իրանում, Հյուսիսային Կորեայում, իրենց արբանյակների պահեստներում։

Մի բան «հայ-ռուսական դարավոր եղբայրության» մեջ անսասան է՝ ինչպես գրում է Եզերք-ի առաջնորդողը՝ «թուրք էթնիկ գործոնը լայնորեն շահարկող ռուսական ղեկավարությունը ինչպես եւ 100 տարի առաջ հետապնդում է Հայաստանը որպես ինքիշխան պետական միավոր ոչնչացնելու նպատակը: Բնականաբար, թուրք ազգային սպեցիֆիկ դաշույնը երկսայրի է եւ «մեջը» ռուսի արյուն կա»։

lragir.am