Search
Close this search box.

11 միլիոն դրամ ՀՀԿ պատգամավորին` չգործող ասոցացիայի անվան տակ

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հայտարարությունը՝ մայրաքաղաքի բյուջեից Հայաստանի ավագանիների ասոցիացիային փոխանցվող գումարների մասին: Խոսքն այդ հիմնադրամին փոխանցվող 11 մլն դրամի մասին է: Տվյալ ասոցիացիայի նախագահը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2015 թվականին ասոցիացիային վճարել էին 5.5 մլն դրամ, սակայն հետագայում այն կրկնապատկելու որոշում է կայացվել: Հետաքրքիրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանն ավագանու անդամին ուղղված իր պաշտոնական պատասխանում նշել է, թե այդ գումարն ուղղված է արտադրական ծախսերին: Սակայն ավագանիների ասոցիացիան փաստացի չի գործում, եւ հարց է առաջանում, թե ինչին են ուղղված այդքան գումարները: Մասնավորապես ասոցիացիայի կայքում վերջին տեղեկությունը թարմացվել է ոչ ավել, ոչ պակաս 2013 թվականի նոյեմբերի 10-ին: Դրանից հետո որեւէ տեղեկություն առկա չէ. այլ խոսքով ասած՝ ՀՀԿ պատգամավորի ղեկավարած ասոցիացիան տեւական ժամանակ է՝ անգործության է մատնված, սակայն նրան տրվելիք գումարները ոչ թե նվազում են, այլ աճում: