Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի հայտարարություններն ավելի են բարձրացնում մեր զգոնությունը. ԳՇ պետի տեղակալ

«Քննարկեցինք ինչպես սահմանային գոտիներում ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությանը։ Ես ներկայացրի խմբակցությունների անդամներին՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ներկա դրությամբ։ Կարող եմ փաստել, որ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունում ԶՈւ-ը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան։ Հակառակորդը նույնպես ունի մարդկային կորուստներ ինչպես անվերձադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները, այդ խնդիրը, որն առաջադրված է մեր ԶՈւ-ին՝ կատարելու ենք պատվով»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետ տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

Հարցին, ըստ իրեն, ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը, գեներալ-մայորը պատասխանեց. «Ցանկացած պետության համար հակառակորդ հանդիսացող պետությունը փորձելու է տարբեր միջոցներով ճնշում գործադրել մյուս դիմակայող պետության բանակի վրա։ Նույնը նաև մեր հակառակորդ պետությունը՝ Ադրբեջանը, փորձում է տարբեր միջոցներով ճնշել մեզ, բայց դա նրան չի հաջողվում։ Հրապարակում կա Սև լճի շրջանում են շեշտվել, բայց Սև լճի շրջանում ասելով մենք պետք է հասկանանք, որ դա չի իրականացվում հենց Սև լճի տարածքում, դա դեպի հարավի ուղղությամբ է, հակառակորդը փորձել է մոտենալ մեր մարտական դիրքին, չէր գտնվում այնպիսի հեռավորության վրա, որ մեզ ինչ-որ վնաս պատճառեր։ Մեր զինծառայողների մարտական ծառայության ճիշտ իրականացման պարագայում գիշերային ժամերին հաջողվել է հայտնաբերել հակառակորդին, կրակային ազդեցություն գործել, որի արդյունքում նա տալով կորուստ, հետ է քաշվել»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ տարածքների հավակնության մասին հայտարարությանը՝ Ասրյանն արձագանքեց. «Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել այն, ինչ ինքը կամենում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, դա խեղաթյուրված պատմություն է։ Նրա հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, այլ ավելի են բարձրացնում մեր զգոնությունը։ Իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում պատրաստ ենք ետ մղելու նրա ցանկացած կազմակերպված, սադրիչ գործողությունը»։

Հարցին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ԶՈւ-ի քանի՞ ներկայացուցիչ կա, գեներալ-մայորն ասաց՝ դա ռազմական ոլորտին առնչվող հարց է, որին չի կարող պատասխանել. «Ես որպես ռազմական ներկայացուցիչ՝ հակառակորդին ոչ թե գնահատում եմ իր զինծառայողների քանակով, այլ գնահատում եմ ստորաբաժանումների քանակով՝ դասակ, վաշտ, գումարտակ»։

Հարցին՝ հակառակորդի սադրիչ գործողությունների արդյունքում արդյոք դիրքային փոփոխություններ ունեցե՞լ ենք, Ասրյանն ասաց. «Երբ մայիսի 12-ից Ադրբեջանի սադրիչ գործողությունները սկսվել են ու փոքր ժամանակի ընթացքում իրենք ինչ հաջողություններ ունեցել են ներթափանցման, դրանից հետո հակառակորդը ոչ մի հաջողություն չի արձանագրել»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի առաջարկությամբ այսօր փակ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ՇԳ ներկայացուցիչների հետ։