Search
Close this search box.

Այո, այս շարժումն ուղղորդված է, իհարկե ուղղորդված է Աստծո կողմից. Միքայել Սրբազան

Այո, այս շարժումն ուղղորդված է, իհարկե ուղղորդված է Աստծո կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այս շարժումը ուղղորդված է:

«Մենք ուզում ենք այս կեղծիքից, ստից, խաբեությունից, նվաստացումից փրկել բոլորին, ներառյալ այդ խաբողներին, նվաստացողներին: Մենք ուղղակի ժողովրդի պահանջին դեմ հանդիպման այդ պատասխանատվությունը մեզ վրա վերցրել ենք»,-ասաց նա:

Սրբազանը նկատեց, որ իրենք դեմ չեն ապրիորի սահմանազատմանը, բայց դա չի կարող լինել պատերազմի շանտաժի միջոցով. «Ընդհանրապես, ոչ թե պետք է լինի սահմանազատում, որին հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է սկսվի սահմանազատումը: Ոչ մի քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալիքով գծել սահմաններն այնպես, ինչպես ինքն է ուզում: Սահմանազատում չի կարող լինել պատերազմի սպառնալիքի, շանտաժի միջոցով»:

Հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետին, որ եկեղեցին քաղաքականությամբ չպետք է զբաղվի՝ Արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց՝ իհարկե, ոչ․ «Ես երբեք էլ այդ տեսակետը չեմ կիսել և ակտիվ քաղաքական կարծիք հնչեցրել եմ բոլոր իշխանությունների ժամանակ։ Քաղաքական կյանքով չզբաղվելը վերաբերում է նրան, որ եկեղեցին ձգտում չունի լինել պետական կառավարման ղեկին։ Նման ձգտում և ամբիցիա չունենք, մեր ծառայությունը բավարարում է, բայց անտարբերությունը մահացու մեղք է, և մենք չենք կարող լինել անտարբեր այն ամենին, ինչը վտանգում են մեր պետականությունը և մեր ժողովրդի անվտանգությունը։ Հետո մեզ պետք է չէ՞ մեղադրեն»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ շիրակցիները գալիս են՝ միանալու տավուշյան շարժմանը: