Search
Close this search box.

․․․ Այս ամենը շուտ ավարտվի, որդուս «տակոր»-ը տեղ պիտի հասցնեմ․ Կարենին տանը սպասում էր երեք տարեկան որդին

Նկարից ժպտացող երիտասարդը Կարենն է՝այլևս հավերժ 33-ամյա…

Տանը նրան դեռ սպասում է 3 տարեկան որդին՝ Վահագնը, որի խնդրանքը՝ իր համար «տակոր»( տրակտոր) գնել, Կարենը չէր հասցրել կատարել և մարտադաշտ մեկնելիս, ծառայակիցների հետ կիսվել էր, թե` այս ամենը շուտ ավարտվի, որդուս տակորը տեղ պիտի հասցնեմ:

Գանգրահեր Վահագնի նվերը տեղ հասցրին Կարենի ծառայակից ընկերները, կնոջը՝ Անիին պատմել էին, որ եթե Կարենի արագ ու մտածված գործողությունները չլինեին, իրենց 20 հոգանոց խմբից հազիվ թե մարդ փրկվեր. Կարենը մահացու վիրավորում էր ստացել, երբ օգնում էր ընկերներին դուրս գալ հրանոթի ականի( սնարյադի) առաջին պայթյունին միայն դիմացած գյուղական շինության պատուհանից. բոլորին օգնել էր, միայն ինքը չէր հասցրել փրկվել:

Կարեն Արայի Բաբայանը դասակի հրամանատար էր, պահեստազորի հրետանավոր: Մարտի մեկնեց հոկտեմբերի 16-ին՝ երկշաբաթյա հատուկ վարժանքից հետո, ընդամենը երկու օր անց, հոկտեմբերի 19-ի առավոտյան գույժը հասավ ընտանիքին. «Այդ պահից մեր սիրտը կանգ առավ…որ այլևս մեր մնացած կյանքի ընթացքում ավելի արագ բաբախի»,_ հորաքույրն է ասում՝ նկարագրելով այն վիճակը, որի մեջ են Կարենի հարազատները:

Հետո արդեն պատմությունները կցկտուր են, դրվագային, ամեն ինչ այնքան արագ է կատարվել, այնքա՜ն անսպասելի ու ողբերգական:
Ռազմաճակատ մեկնելու ճանապարհին, հարազատ ծննդավայրով՝ Եղեգնաձորով անցնելիս, Կարենին փոքր եղբայրն էր հանդիպել, ուտելիք փոխանցել, հետն էլ խնդրել, որ ետ դառնա, չշարունակի ճանապարհը. «Այնտեղից սարսափելի լուրեր են գալիս, անկազմակերպ, անտանելի իրավիճակ է»,- ասել էր.
Կարենն ընդհատել էր եղբորը. «Ինձ դավաճանի տեղ եք դրե՞լ» հանդիմանել էր նրան ու մեկնել՝ առանց մեկ վայրկյան վարանելու… իսկ հետո, ընդամենը մեկ-երկու զանգ և վերջ…

Գորիսից դեպի Մեխակավան (Ջաբրայիլ) ուղղությամբ են ուղարկում տղաներին, ճանապարհին ռմբակոծության տակ են ընկնում, վիրավորում ստացած հրամանատարին ետ են ուղարկում, մյուսները հրաման են ստանում գնալ ու միանալ պայմանագրայիններին: Առանց կապի, առանց հրամանատարի, արդեն հոգնատանջ տղաները որոշում են գիշերը մեկ-երկու ժամ գոնե հանգստանալ առաջին պատահած շինության մեջ, մինչև նաև հասկանալի կլիներ, թե ուր պիտի գնային…

Գեոպոզիցիան ուսումնասիրել էին, թուրքը հեռու էր հազիվ մեկ կմ, մինչդեռ մինչև Ջաբրայիլ դեռ 30 կմ կար՝ մի մոլորված ցուցանակ էին կարդացել…

« Հազիվ էինք տեղավորվել, երբ առաջին արկը պայթեց ուղիղ մեր կողքին, արդեն հասկանալի էր, որ ամեն վայրկյանը վճռորոշ է լինելու այդտեղ, թշնամին նշանառության տակ է առել մեզ: Արագ կողմնորոշվեցինք դուրս թռչել պատուհանից»,- պատմում են Կարենի՝ հրաշքով ողջ մնացած ընկերները․ փրկության այդ պատուհանին ամենամոտը գտնվող Կարենը բոլորին օգնում է արագ դուրս նետվել, ընթացքում անընդհատ ձայնելով՝ չխառնվել իրար, արագ թռչել, միայն ինքը չի հասցնում ու հերոսանում է ՝ ընկերներին փրկելով…

Հերոսանում է, թողնելով մի մեծ սպասում, երբեք չդադարող մորմոք, ու հավերժական կարոտ…
Իր ամուր կամքի ու քաջության հետ միասին՝ բացառիկ համեստ, նրբանկատ ու բարի երիտասարդ էր Կարենը…նոր էր ոտքի կանգնում իր՝դեռևս փոքրիկ ընտանիքով, հազիվ մեկ տարի էր, որ հիպոթեկով բնակարան էր ձեռք բերել, կյանքը նոր-նոր կայուն ռիթմ էր ստանում՝ մեծ հեռանկարով, ապագայի հույսերով…

Կարենը…Նա մեկն է այն հազարավոր տղերքից, ում անունը չենք մոռանալու, ում սխրանքը, որ տասնյակ կյանքեր է փրկել սեփականի գնով, պատմելու ենք սերունդներին, ում ծնողներին պարտական պիտի լինենք , ում որդուն մենք՝ ապրողներս պարտավոր ենք Հայի երկիր թողնել, իր հոր արյունով պահված ՝ սրբացած երկիր:



Հավերժ փառք, հավերժի մարտիկ՝ Կարեն Արայի Բաբայան…

Հեղինակ՝ Ալինա Խուդոյան