Search
Close this search box.

Սիսակ Գաբրիելյանի մասնակցությամբ միջադեպով բերման է ենթարկվել 15 անձ, մեկ քաղաքացի ձերբակալվել է. ոստիկանություն

Ոստիկանությունը հայտնում է Սիսակ Գաբրիելյանի մասնակցությամբ միջադեպով ձերբակալված քաղաքացու մասին:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. «Մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, դեկտեմբերի 28-ին առերեւույթ ՀՀ Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ անտեսելով հասարակական համակեցության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ եւ ընդգծված արհամարհական պահվածք՝ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, նախապես իրենց հետ բերելով եւ Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում կայանելով հավկիթներով լցված ավտոմեքենա, իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին եւ Սիսակ Գաբրիելյանին: Միջադեպի ընթացքում նաեւ գործադրվել է բռնություն:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության կատարման կասկածանքով բերման է ենթարկվել 15 անձ: Քաղաքացի Ա. Ս.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել նաեւ հավկիթներով լցված ավտոմեքենան։

Ոստիկանությունը վերստին նախազգուշացնում է, որ ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված՝ հավաքներին ազատորեն մասնակցելու եւ դրանք կազմակերպելու իրավունքը բացարձակ իրավունք չէ, եւ բոլոր այն դեպքերում, երբ այդ իրավունքի իրացումը դրսեւորվում է հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքների միջոցով, ապա յուրաքանչյուր նման դեպքում ոստիկանության արձագանքը կլինի համարժեք: