Search
Close this search box.

Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել

Արցախի Պաշտպանության բանակը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայ զինվորների կողմից ցուցաբերած հերոսական դրվագներ է ներկայացրել։

Հաղորդագրության համաձայն՝ շարքայիններ Դավիթ Գուրգենի Ալեքսանյանն ու Համլետ Արտյոմի Գրիգորյանը հարավային ճակատային գծում ոչնչացրել են հակառակորդի երկու դիտակետ:

Նույն հատվածում թշնամական ակտիվ կրակակետ են ոչնչացրել կապիտան Արսեն Բորիսի Ահանյանը, կրտսեր սերժանտ Սերգեյ Սերյոժայի Հայրապետյանը, շարքայիններ Արման Ռուբենի Եգանյանն ու Հայկ Անդրանիկի Սանթոյանը:

Լեյտենանտ Նարեկ Ալիկի Ղազարյանը մարտական գործողությունների ընթացքում դրսեւորել է խիզախություն, ոչնչացրել թշնամու երկու տանկ, մեկ զրահատեխնիկա եւ կենդանի ուժ:

Հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված կարեւոր բարձունքներից մեկում, հակառակորդի բազմաթիվ գրոհները կասեցնելիս աչքի են ընկել եւ անձնական արիություն ցուցաբերել շարքայիններ Արգիշտի Արայի Անդրեասյանը, Ռուդիկ Սամվելի Սարուխանովը, Գագիկ Արթուրի Շախյանը, Արամայիս Աշոտի Գալստյանը:

Կրտսեր սերժանտ Կարեն Գագարինի Աբրահամյանը ոչնչացրել է մեծ քանակությամբ մարդկային ուժ եւ մարտի դաշտից, թշնամական հրետակոծության տակ, տարհանել չորս վիրավոր մարտընկերների:

Լեյտենանտ Գրիշա Աղաբեկի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է դասակի գործողությունները, ոչնչացրել հակառակորդի մեկ տանկ եւ քառասուն զինվորական:

Ջոկի անձնակազմին հմտորեն ղեկավարել եւ արդյունավետ գործողություններով աչքի է ընկել սերժանտ Արտյոմ Արմենի Ղազարյանը:

Բուժսպասարկման աշխատանքները կազմակերպելիս եւ վիրավորներին որակավորված բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում աչքի են ընկել բուժծառայության փոխգնդապետներ Զորի Սմբատի Սաղյանն ու Գարրի Գուրգենի Մարտիրոսյանը:

Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները եւ կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում հրամանատարական որակներով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ աչքի են ընկել փոխգնդապետ Գարիկ Հակոբի Հակոբյանն ու մայոր Նժդեհ Անաստասի Անդրեասյանը:

Փառք մեր հերոսներին:

Պաշտպանության բանակ