Search
Close this search box.

Այսօրվա իշխանությունը երկիրը տանում է այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախչում են. Ռոբերտ Քոչարյան

Չկա հստակ բնութագրիչ, որը կբնութագրի Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կբնութագրի այսօրվա արտաքին քաղաքականությունը:

«Ես չգիտեմ, չկա բնութագրիչ, տարերային, իրավիճակային, կապված տրամադրության, կոնկրետ մարդու, կառավարության , միգուցե եղանակի հետ, իմ համար հասկանալի չէ այսօրվա արտաքին քաղաքականության բովանդակությունը: Մենք ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում: Ես խիստ կասկածում եմ, թե այսօր Կառավարությունը ճիշտ է գնահատում այն գլոբալ փոփոխությունները, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում: Ակնհայտ է, որ կա երկու գործընթաց այսօր, մեկը` բազմաբեւեռ աշխարհի ձեւավորումն է, որն այսօր փաստ է, եւ այդ բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման գործընթացում էապես աճում է տարածաշրջանային հզոր պետությունների դերը այս տարածաշրջանում:

Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում էական մրցակցություն է լինլու Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ երբ չկա միաբեւեռ, դոմինանտ պետություն, ապա, իհարկե, այս գործոնները փոխվում են: Մեկ ուրիշ գործընթաց էլ կա, որի վրա ուշադրությունը շատ ավելի նվազ է. Սովետական միության փլուզվելուց հետո ձեւավորվեց միաբեւեռ աշխարհ՝ Միացյալ նահանգների առաջնորդությամբ, եւ այն ժամանակ տնտեսական գլոբալիզացումը կապվեց մեկ այլ` տեսության մեջ ասում են նեոգլոբալիզմի հետ: Գլոբալիզացիան ոչ միայն տնտեսական է, այլ նաեւ գլոբալիզացվում են արժեքային համակարգը, քաղաքակրթական, մշակութային տարբերությունները, այսպես ասած, աշխարհի հոլիվուդացում, ես նույնիսկ տերմին եմ օգտագործում՝ աշխարհի սորոսիզացիա:

Այստեղ խոսքը Սորոսի մասին չէ, փոխաբերական իմաստով է, այն ավելի լայն է: Հազարավոր դոլարներ է ծախսվել մեծ թվով հկ-ներ ստեղծելու համար, որոնց հիմնական նպատակն է եղել այդ գլոբալիզացիայի վրա այդ թեզը առաջ տանել»,-ասաց նա:

Քոչարյանի կարծիքով` հիմա այդ թրենդը փոխվել է, եւ մարդիկ համարում են, որ քաղաքակրթական եւ մշակութային բազմազանությունը այս մոլորակի ուժն է եւ արժեքը, որի համար պետք է պայքարել:

«Այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն հկ-ներից, որոնք ձեւավորվել են այդ գլոբալիզացման երկրորդ թրեքից եւ այդ քաղաքականությունն են վարում, եւ հիմա ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախչում են: Եվ այս վեճերը ազգային արժեքների մասին, եկեղեցու վերաբերյալ վերաբերմունքի մասին, որոնք տարբեր ազգերի ինքնության բաղադրիչներն են, սա են փորձում հանեն մեր մշակույթից, մեր կրթական ծրագրերից»,-ասաց երկրորդ նախագահը:

Նա եզրափակեց` ասելով, որ եթե այս երկու գործոնները ճիշտ չեն հասկանում, մեր արտաքին քաղաքականության ուղղությունն է անհասկանալի: