Search
Close this search box.

«Այս իշխանության համար սկզբունքային հարց պետք է լինի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի հրահանգով սարքած գործը փակելը»

Նորքի զինված խմբի գործով դատավարությունն այնքան է ձգձգվում, որ այդ գործով ամբաստանյալներից մեկն արդեն հասցրել է երեխա ունենալ, ավարտել փաստաբանական դպրոցն ու ստանալ քրեական գործերով փաստաբանի որակավորում։

Ուրբաթ օրը այս գործով կրկին դատական նիստ էր նշանակված։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ նախորդ ամիսներին նիստեր չեն եղել։ Նորքի զինված խմբի գործը քննվում է 2016 թվականի նոյեմբերից դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում, սակայն անցած տարեվերջին Բեկթաշյանը տեղափոխվեց վերաքննիչ դատարան, ու նիստը վերամակագրվեց դատավոր Մեսրոպ Մակյանին, ու քննությունը նորից վերսկսվեց։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք-Մարաշում վնասազերծվել է զինված խումբ: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20-հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 20 անձ, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը:

Գործով ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը զարմանում է, որ իշխանությունը զավթելու, տապալելու մեղադրանքով ներկայումս իրենք դատվում են, մինչդեռ նույն հոդվածներով դատվում են նախկին իշխանությունները՝ ի դեմս Քոչարյանի: «Հիմա նույն մեղադրանքով դատավարությունը գնում է և իրենց վրա, և մեր վրա, որը շատ անհասկանալի է։ Նիկոլն ասեց, որ չի խառնվելու դատական պրոցեսներին, բայց երկրի ղեկավարը պետք է հետևի, որ արդարություն լինի։ Իսկ արդարությունը, ճշմարտությունն այն է, որ այս գործը շինծու գործ է։ Այդ բանդան ստեղծվել էր չեկիստ պրովոկատորների կողմից՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Սերժն ուզում էր էդ քայլով փոքր լճում լոքո բռնել, բայց իրականում ոչ լիճ կար, ոչ էլ լոքո։ Սերժը ուզում էր ազատամարտիկներին հավաքել մի տեղ, դրա անունը դներ բանդա ու ցույց տար, թե տեսեք՝ մեր երկրում ինչ է կատարվում, տեսեք, թե ազատամարտիկները ինչեր են ուզում անել, ինչի են ընդունակ։ Նա ուզում էր իմ միջոցով նման խաղեր խաղալ, քանի որ ես այդ ժամանակ երկրապահ չէի։ Բայց երբ տեսան, որ այդ բանդայով ոչնչի չկարողացան հասնել, ստեղծեցին Սասնա ծռերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Առաքելյանը։

Մեր զրուցակիցը զարմանում է, որ հեղափոխությունից հետո՝ նոր Հայաստանում, դատարաններում դեռևս քննվում է նախորդ իշխանության ձեռքով սարքված դատական գործը, ու դրա հանգուցալուծումը դեռ հայտնի չէ: «Հեղափոխություն է եղել, ու հեղափոխություն անողները պետք է ուշադիր նայեն, տեսնեն՝ ինչ է կատարվում։ Այդ գործով ճանապարհ անցած մարդիկ կան, ու անընդունելի է նրանց մինչև հիմա տանել-բերել դատարան։ Հա, ցանկացած մարդ իր տան խոհանոցում իր կնոջ հետ շատ բան կարող է խոսել, բորբոքված ասել, որ իշխանություններին պետք է խփել՝ հեռացնել, բայց մենք իրականում այդպես չենք մտածում։ Ազատամարտիկները նման բանի ընդունակ չեն։ Մենք Հոկտեմբերի 27 տեսած մարդիկ ենք, ես ընկերներ եմ կորցրել 27-ին։ Այդքանից հետո մենք ոնց կարող էինք մեզ նման բան թույլ տալ»,- ասաց Առաքելյանը։

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո մի քանի անգամ մեսիջներ է ուղարկել գործող իշխանությանը, որ վերջ տան դատավարություն կոչվող այս շոուին, բայց ոչ մի արձագանք չի ստացել. «Այս իշխանության պատվի հարցն է նախորդների սարքած գործերը, սարքած շոուները մեր վրայից հանելը, մաքրելը մեր անունը, որովհետև մենք ի վիճակի չենք տարիներով նստել դատարանի աթոռներին ու սպասել դատավարության ավարտին։ Մենք՝ Գառնիկ Մարգարյանը, Վահան Շիրխանյանը և մյուս ազատամարտիկները, բուժման կարիք ունենք, մենք ի վիճակի չենք այդ ամենի միջով անցնելու։ Կրկնում եմ՝ այս իշխանության համար սկզբունքային հարց պետք է լինի նախկինների սարքածը առաջ չտանելն ու ի վերջո դրան վերջակետ դնելը»,- եզրափակեց Վլադիմիր Առաքելյանը։

Այդ գործով անցնող Գառնիկ Մարգարյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ խմբում հայտնվել է նախկին ռեժիմի՝ հատկապես ՊԱԿ-ի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի հրահանգով, և ոչ մի հեռանկար չկա, որ այդ գործը կհանգուցալուծվի իրենց ուզածով: «Այդ խումբը շինծու, արհեստական խումբ էր, ես դրա հետ կապ չունեմ, ես քաղբանտարկյալ եմ։ Ոչ մի հեռանկար չկա այդ գործում։ Իսկ եթե անգամ ինչ-որ բան էլ կա, ապա դա վերաբերում է նախորդ ռեժիմին, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցված, և նրանք կամ կալանավորված են, կամ պետք է կալանավորվեն։ Հետևաբար գլխավոր դատախազը և Բարձրագույն դատական խորհուրդը պետք է որոշում կայացնեն կասեցնել այս գործի քննությունը, կարճել ու վերջակետ դնել այս ամենին»,- ասաց Մարգարյանը։

Իսկ թե ինչու նոր իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում այս գործը փակելու ուղղությամբ, Մարգարյանի խոսքով՝ այդ հարցը բազմաշերտ է և ունի երևացող ու չերևացող կողմ, որի մասին ինքը կխոսի ժամանակ անց։ «Բայց ես լիահույս եմ, որ իրավիճակն այնպիսին է, որ ամեն ինչ իր հունով կգնա ու կստիպի, որ արդարադատություն լինի ու օրինական որոշում կայացվի»,- եզրափակեց Գառնիկ Մարգարյանը։
Նյութի աղբյուր՝1in.am