Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Նրան ոչ բռնաբարել են, ոչ էլ ձեռք են տվել». մայրը՝ 16-ամյա դստեր սպանության մասին

Հունվարի 5-ին՝ Երևանի բնակարաներից մեկում 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանը խեղդամահ էր արել 16-ամյա Սառա Կ-ին:

Սառայի մայրը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է, որ դուստրն իր հետ էր ապրում. «Երևան էր գնացել ծնունդը նշելու ընկերների հետ։ Մենք որոշել էինք, որ հունվարի 5-ին նա ընկերների հետ ծնունդը կնշի Երևանում, իսկ 6-ին` տանը, ընտանիքի հետ։ Ես նրան 15 հազար դրամ էի տվել ծնունդը նշելու համար։ Ու էդ անտեր փողի, կոտրված հեռախոսի ու պլանշետի համար, որ անգամ իրանը չէր, նրան սպանեց էդ … (հայհոյանք)։ Կայքերում ստում են, էդ տղեն նրան ձեռք չի տվել (նկատի ունի սեռական մտերմությունը)»,- ասել է մայրը:

Ըստ աղբյուրի` վարձով բնակարանում, որտեղ գտել են Սառայի դին, ապրում էր նրա ընկերուհին։ Սառայի հեռախոսը կոտրվել էր, չէր աշխատում, նա ծանոթներից մեկից ժամանակավոր վերցրել էր պլանշետը, որը զանգելու հնարավորություն էլ ուներ։ Երեկոյան Սառան զանգահարել էր մայրիկին, ասել, որ պլանշետի մարտկոցը շուտով կնստի, գնում է ընկերուհու տնից իրերը վերցնի, հետո Արտաշատ կվերադառնա։

Երբ Սառան գիշերը չի վերադարձել, մայրը մտածել է, որ աղջիկը որոշել է ծննդյան օրը շարունակել նշել մայրաքաղաքում, գիշերը կմնա ընկերուհու մոտ և տուն կվերադառնա առավոտյան։ Սառան շաբաթվա ընթացքում մի քանի անգամ Երևան էր գնում դիմահարդարման մասնավոր դասընթացների, լավ մասնագետ դառնալու նպատակ ուներ։ Երբեմն գիշերում էր այդ ընկերուհու տանը։

Նելլի Կարապետյանը սարսափելի լուրն առավոտյան իմացել է աշխատավայրում։ Գործընկերը բարձրաձայն կարդացել է խեղդամահ եղած աղջկա մասին լուրը և ցույց տվել այն նույն լուսանկարը, որում երևում էին աղջկա ոտքերը։ Մայրը երեխային ճանաչել է ոտքերից…

«Ինչ էլ ասում էի, երեխեն բոբիկ ոտքերին էր կոշիկ հագնում։ Իրան մերկ չեն գտել, ես խոսել եմ քննիչների հետ։ Նրան ոչ բռնաբարել են, ոչ էլ ձեռք են տվել։ Էդ տղան խփել է աղջկաս ճակատին, հետո` խեղդել, մարմնին կապտած տեղերը կան», – դողացող ձայնով պատմում է Սառայի մայրը։

Ռաֆայել Սուքիասյանին, որը կասկածվում է աղջկա սպանության մեջ, մեղադրանք է առաջադրվել ըստ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասին 8-րդ կետի` սպանություն շահադիտական դրդումներով։ Բռնաբարության, սեռական բնույթի բռնի գործողությունների մեղադրանք չի առաջադրվել։

Սուքիասյանի հոգեկան խանգարման մասին ԶԼՄ–ները սկսեցին գրել երեկվանից։ Մինչև տղամարդու կալանավորումը հայտնի էր դարձել, որ նա հրաժարվել է պաշտպանի ծառայություններից։ Սակայն ավելի ուշ նրա ծնողները, այնուամենայնիվ, փաստաբան վարձեցին, որն արդեն հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են Սուքիասյանի կալանավորման մասին դատարանի որոշումը։

Սառայի մայրը հազիվ լսելի ձայնով ասում է.

– Եթե նրա պապան ողջ լիներ, էս ամեն ինչը չէր լինի…

– Ե՞րբ է մահացել պապան։

– Սառան 6 տարեկան էր, ամուսինս հիվանդությունից մահացավ։ Երկրորդ ամուսինս էր, առաջինն ամուսնալուծվեց ինձ հետ անպտղությանս պատճառով։ Սառայի հոր մահից հետո ես շարունակում էի երեխային ամեն ինչով ապահովել։ Հարևաններին էի սրսկում փողով, ուսանողների համար ռեֆերատներ գրում, աշխատում երկու տեղ։ Նա երբեք ոչ մի բանի կարիք չի ունեցել… Ու ես էլ իրան երբեք չեմ զանգի, հարցնեմ` ուր ես։ Տեղը հաստատ կիմանամ արդեն… Ո՞նց եմ առանց երեխուս ապրելու։ Ի՞նչ եմ անելու։
Ցավակցական խոսքեր եմ ասում ու դուրս գալիս բնակարանից։ Սառայի մայրիկի հետ զրույցի ամբողջ ընթացքում անգիտակցաբար խաղում էի վզիս շղթայի հետ, որից խաչ էր կախված։ Միայն շքամուտքից դուրս գալուց հետո վզիս տհաճ ցավ զգացի։

Երբ նույնիսկ ամենաարդար դատարանը, ամենաժողովրդավարական արդարադատությունը չեն կարող վերադարձնել մարդու կյանքը, մնում է միայն հույս դնել Աստծու վրա։ Նույնիսկ եթե աստվածաշնչյան անունով աղջկան սպանում են Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը…