Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդն իրեն մեղավոր չի համարում

16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆայել Սուքիասյանի պաշտպան Արտաշես Հովհաննիսյանը։

Արտաշես Հովհաննիսյանն ասաց՝ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում. «Այժմ աշխատում եմ բողոքի վրա։ Երբ պատրաստ լինի, այդ ժամանակ կներկայացնեմ»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 9-ին, դատարանը բավարարել էր Ռաֆայել Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 16-ամյա աղջկա սպանության համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով):

Նշենք, որ Հունվարի 5-ի գիշերը Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում 16-ամյա աղջկան խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված երիտասարդը ծառայում է ՊՆ-ում:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ Ժամը 23։00-ի սահմանում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։