Search
Close this search box.

Առեղծվածային դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի քննչական վարչության պետի 29-ամյա որդու Mercedes-ում

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր փողոցի շենքերից մեկի բակում այրվում է Mercedes մակնիշի 01 RF 101 համարանիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական խումբը, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած կրակը։

Հայտնի է, որ ավտոմեքենան պատկանում է նույն փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ռաֆայել Ֆարխոյանին, որը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ջոն Ֆարխոյանի որդին է։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար մեքենայում առաջացած հրդեհի պատճառը: Տեղի ունեցածը գույքի՝ դիտավորությամբ ոչնչացում է, թե անզգուշության հետևանքով առաջացած հրդեհ, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: