Search
Close this search box.

Բագրատ Սրբազանը պատասխանել է Արարատ Միրզոյանի հայտարարությանը

Դա դեռ հարց է, թե ովքեր են լքել խրամատը և ինչո՞ւ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը` արձագանքելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը: Հիշեցնենք, Արարատ Միրզոյանն այսօր «դասալիքներ» էր անվանել այն դիվանագետներին, որոնք միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու կազմել են սահմանազատման և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայեցակարգը:

«Դասալիքներն են, որ լքեցին իրենց պաշտոնը, իրենց բաժին հասած խրամատն այն օրերին, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա»,- հայտարարել էր Արարատ Միրզոյանը:

Բագրատ Սրբազանը հիշեցրեց 2023-ի սեպտեմբերին, Արցախի հայաթափումից հետո, ՄԱԿ-ում տեղի ունեցող անվտանգության խորհրդի նիստում կատարվածը:

«Արարատ Միրոզյանն ասում էր մի բան, իսկ Ադրբեջանի արտգործնախարարը նրան հերքում էր` Հայաստանի վարչապետի խոսքերով: Ուրիշ բան չեմ ասում ես: Թող միայն դա հիշեն: Մնացած ձախողումների մասին չեմ խոսում: Հայաստանի պատմության մեջ այդպիսի խայտառակ դրվագ դեռ տեղի չի ունեցել: ՄԱԿ-ի նման կարևոր ամբիոնում այդպես մերժվել»,- նշեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը:

Ինչ վերաբերում է շարժման առաջարկած հայեցակարգին, ապա, ըստ Բագրատ Սրբազանի, ինքը դրա մասին որևէ մեկնաբանություն չի կարող ներկայացնել, քանի որ այն կազմել են դիվանագետները, նրանք էլ պետք է մեկնաբանեն։

Նշենք, որ շարժմանը միացած դիվանագետների թվում են նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Նրանք սահմանազատման ու սահմանագծման գործընթացը որակում են ոչ լեգիտիմ և հակասահմանադրական: