Search
Close this search box.

«Հայկ Մարությանի ուղիղ եթերը կեղծիքի ցայտուն դրսեւորումն էր». Էդմոն Մարուքյան

Հայկ Մարությանի լայվը փաստաթղթերով ջրեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրերս խոսել էի այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը ստացել է ՇԻՆ․թույլտվություն որոշակի ծառայության դիմաց։ Այսօր բացում եմ փակագծերը եւ ներկայացնում այդ փաստաթղթերը։ Խոսքը վերաբերում է Տերյան 5 հասցեում գտնվող բազմահարկ շինությանը, որի կառուցապատումը իրականացվել է փուլային կերպով։ 2018թ․ փետրվարի 2-ին՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք Խաչատրյանների ընտանիքը ստացել էր հերթական ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվությունը մինչեւ 11 հարկ կառուցելու համար (1-ին եւ 2-րդ նկարներում տեսնում եք այդ ՇԻՆ․թույլտվությունը Տ․Մարգարյանի ստորագրությամբ)։

Ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 22-ին Հայկ Մարությանը Խաչատրյանների ընտանիքին տալիս է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվություն 5 ՀԱՐԿ ԱՎԵԼ շենքը կառուցելու համար! (3-րդ եւ 4-րդ նկարներում տեսնում եք Մարությանի կողմից տրված ՇԻՆ․թույլտվությունը 16 հարկ կառուցելու համար)։

Թե ինչ ծառայություն է մատուցվել մայրաքաղաքի կենտրոնում հարկայնության նման բարձրացման համար, մամուլը արդեն խոսել է. 1.5 մլն դոլար արժողությամբ աղբատար մեքենաների հավաքատեղի է կառուցվում Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում։ Իսկ թե էլ ինչե՞ր են արել Մարությանի համար Խաչատրյանների ընտանիքը կպարզի մեր հետագա քննությունը:

Երեկվա Հայկ Մարությանի ուղիղ եթերը կեղծիքի ցայտուն դրսեւորումն էր, քանի որ իր կոռուպցիոն գործարքը քողարկելու համար նա հղում էր տալիս 2017 թվականի ՆԱԽԱԳԾՄԱՆ թույլտվությանը, մոռանալով ասել, որ ըստ այդ թույլտվության 11-րդ հարկի կառուցումից հետո եւ շենքի փաստացի ընկալման արդյունքից կախված հնարավոր է փոփոխել հարկայնությունը։

Փաստորեն Մարությանի եւ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ընկերության գործարքը փոխեց Մարությանի ընկալումները մայրաքաղաքի սրտում շենքի կառուցման վերաբերյալ եւ նա նոյեմբերի 22-ին տվեց Խաչատրյանների կողմից այդքան սպասված շինարարության թույլտվությունը»: