Search
Close this search box.

Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 29-ին ստացել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը. այն կքննի Արմեն Դանիելյանը

Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 29-ին ստացել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, տեղեկանում ենք դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանը։

Հիշեցնենք՝  ՀՀ դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշում՝ վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումները։

Բողոքները դատարան մուտք է եղել մայիսի 23-ին, իսկ մայիսի 20-ին էլ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: Դատարանը դիմել էր ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դատարանը խնդրել էր նաեւ մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:

Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել մայիսի 18-ին՝ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ։