Search
Close this search box.

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին Եվրոպական խորհրդարանի ընտրություններին կուսակցության գրանցած հաջողության կապակցությամբ, հայտնում են ՀՀԿ գրասենյակից։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Եվրոպական Ժողովրդական կուսակցության

Նախագահ պարոն Ժոզեֆ Դոլին

Մեծարգո պարոն Դոլ,

Խնդրում եմ ընդունել իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ԵԺԿ գրանցած հաջողության կապակցությամբ:

Եվրոպայի քաղաքացիները ակտիվորեն քվեարկել են ԵԺԿ փորձի եւ տեսակետների օգտին, մեր քաղաքական ընտանիքին վստահելով ավելի լավ Եվրոպա կառուցելու պատվաբեր պատասխանատվությունը: Կասկած չունեմ, որ մնալով Եվրախորհրդարանի ամենամեծ քաղաքական խումբը, մոտակա տարիներին ԵԺԿ-ն շարունակելու է իր նպաստը բերել Եվրոպական Միության առաջխաղացմանն ու առաջընթացին:

Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում վերջին տարիներին ԵԺԿ-ի կողմից Հայատանում ժողովրդավարական ինստիտուտների կառուցման եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեզ ցուցաբերած աջակցության համար:

Հիշատակման արժանի է նաեւ Հայաստանին եվրոպական ընտանիքի հետ մոտարկման ԵԺԿ աջակցությունը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում սերտ համագործակցությանը: Նպատակային եւ շարունակական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց նոր նախաձեռնություններով եւ նախագծերով համալրել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, ինչը աներկբա բխում էր մեր ժողովուրդների հիմնարար շահերից եւ նպաստում էր Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանը:

Վստահություն ունեմ, որ Եվրոպական Միությունը շարունակելու է իր առաջընթացն ու զարգացումը, եւ նոր խորհրդարանը իր կառուցողական ներդրումը կունենա մայրցամաքում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում:

Մեծարգո պարոն Դոլ, ընդունեք, խնդրում եմ, հարգանքներիս հավաստիքը:

Սերժ Սարգսյան

ՀՀԿ նախագահ

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ»։