Search
Close this search box.

«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 5 աշխատողներից 4-ն ազատվել են

«Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել է․ 5 աշխատակցից մնացել է 1-ը՝ Արա Խաչատրյանը, մյուս 4 մասնագետները հեռացել են։ Նրանցից մեկն է միայն նախարարի հրամանով ազատվել՝ վարչության պետ Արմեն Ավետիսյանը։ Այս մասին է գրում «Հրապարակը»:

Հիշեցնենք․ հունվարի 5-ին Արմավիրի Արագած գյուղի դպրոցում ստուգայց կատարած Փաշինյանը պոկել էր մարզադահլիճի ցնցուղի գլխիկը ու ԿԳՄՍ նախարար Անդրեասյան Ժաննային հարցրել դրա գինը։ Հետագայում պարզվեց, որ 5 հազար դրամանոց ցնցուղի գինը փաստաթղթերում ներկայացված է մոտ 72 հազար։ Միջադեպից հետո Տնտեսակազմակերպական վարչության պետ Արմեն Ավետիսյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսվեց, որի արդյունքում նրան ազատեցին պաշտոնից։ Այժմ Արմեն Ավետիսյանը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին` ապօրինի որոշման համար, քանի որ կարծում է՝ ինքը կապ չունի ցնցուղի գնման գործընթացի հետ։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ՝ կարգապահական տույժի տեսակ, պետի «ծառայության դադարեցում կիրառելու» հրամանը, ինչպես նաեւ բռնագանձել պարապուրդի ընթացքում չստացած միջին աշխատավարձի գումարը եւ վերականգնել իրեն պաշտոնում, իսկ դրա անհնարինության դեպքում նշանակել այլ համարժեք պաշտոնի։ Նախնական դատական նիստն ապրիլի 30-ին է լինելու` վարչական դատարանում։ Վարչության պետի պարտականությունները նրա ազատվելուց հետո դրվել են տեղակալի վրա, որը, սակայն, չի ցանկացել աշխատել եւ ազատման դիմում է գրել։ Տեղակալի հետ ազատման դիմումներ են գրել նաեւ վարչության եւս 2 գլխավոր մասնագետներ»: