Search
Close this search box.

Աշխատավարձերի բարձրացում և ավելի արդար հարկային համակարգ. Ֆրանսիայում նախօրեին փողոց է դուրս եկել շուրջ 300 000 մարդ

րանսիական ամենախոշոր արհմիություններից մեկի՝ CGT-ի («Աշխատանքի համընդհանուր համադաշնություն») կոչով նախօրեին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ, այս մասին գրում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ միայն մայրաքաղաք Փարիզում ցուցարարների թիվը, ըստ ոստիկանության տվյալների, կազմել է 18 000, մինչդեռ CGT-ի տվյալներով՝ բողոքի ակցիային միացածների թիվը հասել է 30 000-ի: Հայտնի է, որ ցույցեր են անցկացվել նաև Մարսելում, Լիոնում, Ստրասբուրգում և մի շարք այլ քաղաքներում:

Հատկանշական է, որ ակցիային են միացել նաև «դեղին անթև բաճկոնների» շարժման անդամները, որոնք ավելի վաղ խուսափում էին արհմիությունների կազմակերպած ակցիաներից:

CGT-ի ղեկավար Ֆիլիպ Մարտինեսը դա մեծ հաջողություն է որակել՝ ընդգծելով, որ բաճկոնների գույնից զատ իրենց միջև իրականում որևէ տարբերություն չկա:

Հայտնի է, որ զանգվածային ցույցերի հետևանքով նախօրեին զբոսաշրջիկների համար փակ է եղել նաև Էյֆելյան աշտարակը, քանի որ դրա աշխատակազմը նույնպես միացել է ցուցարարներին:

Ցուցարարները պահանջել են աշխատավարձերի բարձրացում և ավելի արդար հարկային համակարգ:

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել էին նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը:

Սակայն նույնիսկ այս քայլը չէր բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: