Search
Close this search box.

«Վրդովվելու անհրաժեշտություն չկա, խնդիրը կուսումնասիրենք» Նիկոլ Փաշինյանի անդրադարձը բնակարանային ծրագրին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՊՀ շրջանավարտների միավորման տարածած հայտարարությանը՝ կապված «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիփոթեքային վարկավորման հետ:
«Վրդովվելու անհրաժեշտություն չկա: Խնդիրը կուսումնասիրենք»,- «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողներ դիտարկմանը, թե բնակարանների վարկավորման պայմանների փոփոխությունն անարդար է, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կուսումնասիրեն, եթե պարզվի անարդար մոտեցում կա, ապա կշտկեն:
ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիփոթեքային վարկավորումն իրականացվելու է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի միջոցով: Այսինքն՝ այն չի տարածվելու երիտասարդ մասնագետների վրա:
Հայտարարության մեջ ասված է հետևյալը. «Նախորդ տասը տարիների ընթացքում մեր կողմից իրականացված թվով 9 բնակարանաշինական ծրագրերի (շուրջ 2300 բնակարաններ) համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նախատեսված է եղել վերաֆինանսավորման առանձին վարկային պորտֆել, որի միջոցով լավագույն պայմաններով իրականացվել է մեր ծրագրերի շահառուների վարկավորումը:
Ներկայումս, ՀՀ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի հետ մեր երկարատև բանակցությունների արդյունքում Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում, որի պայմանները ներկայացված են հետևյալ հղմամբ` (www.hfyouth.am): Մեր կայքում հրապարակված «Վերածնունդ» ծրագրի հնարավոր շահառուների հերթացուցակում ընդգրկված բոլոր անձանց հորդորում ենք ծանոթանալ առաջարկվող վարկավորման պայմաններին:
Հիշեցնում ենք, որ վարկավորման պայմաններին չհամապատասխանող շահառուները կարող են օգտվել բնակարանի արժեքի ուղղակի (տարաժամկետ) վճարման եղանակից (ամբողջ շինարարության ընթացքում՝ 4 մասնաբաժնով) կամ հիփոթեքային վարկավորում ստանալ սեփական նախաձեռնությամբ: 2018թ. նոյեմբերի 12-30-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է մի քանի փուլերով (հաշվի առնելով մեծաթիվ մասնակիցների առկայությունը) կազմակերպել «Վերածնունդ» ծրագրի շահառուների բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանությունը: Մինչ այդ մեր աշխատակիցներն անհատապես կզանգահարեն հերթացուցակում ընդգրկված բոլոր շահառուներին, կպարզեն ծրագրին նրանց հետագա մասնակցության հարցը և կհայտնեն հրապարակային վիճակահանության: