Search
Close this search box.

Նորատուսցի Արան կալանավորվեց

Ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանքի որոշում կայացրեց Հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

38-ամյա Բանդուրյանը մեղադրվում է ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաեւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանի մասնակցությամբ Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով հարցաքննվել են մի շարք անձինք։

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի լույս հոկտեմբերի 13-ի գիշերը Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Արա Բանդուրյանը, մի խումբ անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ակումբներից մեկը, որտեղ առերևույթ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ակումբի մյուս հաճախորդների, աշխատակիցների նկատմամբ։

Մասնավորապես՝ կոտրել են ակումբի բաժակները, մոխրամանը նետել պարահրապարակ, ապա նաև կրակոցներ արձակել պատի ուղղությամբ, որի հետևանքով կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել 2018թ. հոկտեմբերի 14-ին:

Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 5 գնդակ, հարցաքննվել մի շարք անձինք, իրականացվել խուզարկություններ:

Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությանը Ա.Բանդուրյանի առնչության վերաբերյալ, և հոկտեմբերի 16-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Մոխրամանը նետել է պարահրապարակ, ապա կրակոցներ արձակել. մանրամասներ՝ Նորատուսցի Արայի մասնակցությամբ միջադեպից