Search
Close this search box.

Կաթողիկոսը և վարչապետի տիկինը այցելել են արյունաբանական կլինիկայում բուժվող երեխաներին

Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության Վարչապետի տիկին և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ.Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքում բուժվող երեխաներին: Իր օրհնությունը և շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները փոխանցելով երեխաներին` Վեհափառ Հայրապետը նրանց ընծայեց մանկական Աստվածաշնչեր և մանրանկարներով զարդարված խաչեր: Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից այցի առիթով նրանց ընտանիքներին կցուցաբերվի նաև նյութական աջակցություն։
Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը և տիկին Աննա Հակոբյանը զրույց ունեցան կենտրոնի պատասխանատուների և բժիշկների հետ։ Կենտրոնի տնօրինությունը տեղեկություններ փոխանցեց կենտրոնի գործունեության, առկա մարտահրավերների և ապագա ծրագրերի վերաբերյալ:
Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց կենտրոնի բժշկական անձնակազմի դժվարին ծառայությունը։ Նորին Սրբությունը կարևորեց նաև մանկական քաղցկեղային հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը նպաստելուն կոչված նախաձեռնությունները` վստահեցնելով, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի պարբերաբար աջակցել և զորակցել նման ծրագրերին` օգնելու երեխաներին վերադարձնել իրենց ժպիտն ու հոգու ուրախությունը և ապահովելու նրանց համար անվրդով և երջանիկ մանկություն: