Search
Close this search box.

Աստղիկ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն

Ռիգայում ավարտվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է Աստղիկ Հակոբյանը: Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Հակոբյանը, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, արժանացավ արծաթե մեդալի: Հակոբյանը նաև 130 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Աստղիկ Հակոբյանի մարզիչն է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:

Մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում հաջող հանդես եկավ Արմեն Բարսեղյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր շախմատիստը հայտնվեց 5-րդ հորիզոնականում:

Մեդալ նվաճելու հիանալի հնարավորություն ուներ նաև մինչև 10 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը, ով մրցաշարի մեկնարկից մինչև վերջին տուրը գլխավորում էր աղյուսակը, սակայն վերջին տուրում պարտություն կրեց և 7 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Մեդալների համար պայքարում էր նաև մինչև 16 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Խաչատրյանը, սակայն վերջին տուրում կրած պարտությունից հետո Խաչատրյանը հայտնվեց 10-րդ հորիզոնականում:

Մինչև 18 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Դավիթ Միրզոյանը 6 միավորով գրավեց 8-րդ տեղը: