Search
Close this search box.

«1/3-ը ԲՀԿ-ն է տվել Նիկոլ Փաշինյանին, որ լեգիտիմ լինի». Գագիկ Ծառուկյան

Չկա մի բան, որ Ծառուկյանը խոստացած լինի ու չիրականացնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին իրենց կուսակցության մասնակցությանը:

«Ամենակարեւորը՝ մենք ներկայացնելու ենք մեր թեկնածուին, մեր ծրագրերը, անհրաժեշտ ինչ-որ կա Երեւանի համար, մենք չենք խոսելու 10-20 տարի հետո, այլ անմիջապես՝ ինչն է կարեւոր։ Չկա պատմության մեջ բան, որ Ծառուկյանը խոստացած լինի ու չիրականացնի: Ում կընտրեն երեւանցիները՝ իրենց ցավն էլ տանեմ, իրենց քաղաքն է, իրենք էլ պարտավոր են ընտրելու եւ ըստ ընտրողի էլ իրենց քաղաքի հարցերը կկարգավորվեն: Մենք կհաղթենք, թե ուրիշ թեկնածու, ով հաղթի, մենք շնորհավորելու ենք հաղթողին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը` նշելով, որ թեկնածուները պետք է իրական ծրագրեր ներկայացնեն։

Հարցին, թե պատրա՞ստ է Ծառուկյանն ընտրությունների ժամանակ կամ դրանից հետո մնալ Փաշինյանի կողքին, նա պատասխանեց. «Դուք տեսնում եք՝ այժմ մենք մնացել ենք, ես իմ ժողովրդի ցավը տանեմ։ Ժողովրդին ասել եմ՝ ձեր թեկնածուն ով ա, ում եք ուզում, ասել են՝ պարոն Փաշինյանին։ Մենք թեկնածու չենք դրել, չենք առաջադրվել, մենք պաշտոնի կարիք չունենք։ Պարոն Փաշինյանի կողքին կանգնել ենք, հեղափոխության ղեկավարը նա է եղել, մենք էլ մեր չափով աջակցել ենք»։

«1/3-ը ԲՀԿ-ն է տվել Նիկոլ Փաշինյանին, որ լեգիտիմ լինի։ Այսօր համագործակցում ենք շատ նորմալ: Իհարկե, թիմերում կարող են խնդիրներ լինել, բայց վերջնական մենք իրար հետ քննարկում ենք: Ուզում ենք ժողովրդի հույսն ու հավատն իրականացնենք»,- նշեց նա։