Search
Close this search box.

Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,  Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…Սիլվա Կապուտիկյան

Այս օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է հայ գրող, բանաստեղծուհի և հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի «Ես չեմ ապրում արդեն» բանաստեղծությունը.

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար,
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, 
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար,
Առաջնորդներ չնչին ու կեսկատար,
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք,
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի, պարտքի, եկավ հրապարակ,
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն,
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան,
Կախաղանի սյունից կախված անկախություն,
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ,
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք,
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ,
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի արժանացա,
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում,
Իսկ թե – անեծք վերին – մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

Սիլվա Կապուտիկյան

Հիշեցնենք, որ Սիլվա Կապուտիկյան,ը 2004 թվականի ապրիլի 14-ին, իր նամակ հայտարարությունում, մասնավորապես, գրել էր.

Ես, 1999 թվականին, ծննդյանս 80-ամյակի առթիվ այդ ձեռքից ստացել եմ «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանի ամեն մի ազգավնաս քայլի ժամանակ, ցանկացել եմ ետ վերադարձնել այդ շքանշանը: Ապրիլի 12-ի ողբերգական գիշերից հետո այլեւս երկմտելու տեղ չի մնացել: Ուստի ես խորին ցավով եւ սուրբ Մեսրոպի հանդեպ անմեղ-մեղավորի անորսալի զգացողությամբ ետ եմ վերադարձնում ստացածս շքանշանը, իմ այս քայլը համարելով հայ մտավորականի ցասման եւ բողոքի արտահայտություն ստեղծված արգահատելի կացության դեմ:

Վերջում ուզում եմ ասել հետեւյալը: Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող ամեն մի հայ գիտակցում է, որ օր օրի ատամները սրող թշնամուն հիմնավորապես դիմակայելու համար այս պահին առավել է կարեւոր երկրի իրավիճակի կայունությունը, պետության ամրությունը: Սակայն զենքով ու բռնություններով ձեռք բերված կայունությունը երեւութական է, հղի՝ վատթարագույն հետեւանքներով: Չի կարող իրական կայունություն լինել մի երկրում, որտեղ կա այսպիսի անջրպետ պետության ղեկավարի եւ ժողովրդի միջեւ, կուշտուկուռ դղյակների ու կիսաքաղց հյուղակների միջեւ, որտեղ տիրում է փոխադարձ ատելության մթնոլորտ, որտեղ Քոչարյանի վարած հաշվենկատ, հուսալի հենարան ստեղծելու նպատակով ամեն մի փոքր ու մեծ պաշտոնավայրում համերկրացի գլխավոր ունենալու անհեռատես քաղաքականության հետեւանքով երկատվել, մաս-մաս է եղել հայաստանցիների ու արցախցիների միասնական ոգին, որի առջեւ ընկրկեց բազմապատիկ զինված թշնամին, եւ որի շնորհիվ նվաճվեց անառիկ Շուշին: Պարոն Քոչարյանը, եթե իսկապես մտահոգ է մեր հայրենիքի ճակատագրով, եթե ուզում է, որ վերականգնվի մեր ժողովրդի երկու հատվածների՝ 88 թվականին հրաշքներ գործող միասնականության ոգին, պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: Ուրիշ ելք չկա:

Սիլվա Կապուտիկյան 14 ապրիլի, 2004թ. Երեւան