Search
Close this search box.

Ինչո՞ւ ՔՊ-ն չի կարողանում քաղաքապետի թեկնածու ընտրել, կամ ՔՊ-ն պառակտման եզրին

Երեկ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում պետք է ընտրվեր Երևանի քաղաքապետի թեկնածու, բայց նիստից մի քանի ժամ առաջ հայտարարվեց, որ այս նիստում լինելու է թեկնածուների քննարկում, և որոշում չի կայացվելու: Քաղաքացիական պայմանագրից առաջադրվել է չորս թեկնածու՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը:

Ինչո՞ւ ՔՊ-ն չի կարողանում որոշում կայացնել, և արդյոք հարցը միայն այն է, որ այս կուսակցության վարչությունը ուզում է քննարկել բոլոր թեկնածուների ծրագրերը, Երևանի զարգացման նրանց տեսլականը, և միայն դրանից հետո որոշել, թե ով է ավելի արժանավորը:
Ընթացող զարգացումները ցույց են տալիս,որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կանգնած է պառակտման եզրին, և կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձում է կասեցնել այդ պրոցեսը:

Քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի թեկնածուն կարող էր լինել Ալեն Սիմոնյանը, ով նախկինում եղել է Երևանի ավագանու անդամ, և թավշյա հեղափոխության հաղթանակից հետո համարվել է ՔՊ-ի քաղաքապետի հավանական թեկնածուն: Մեր տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանը մի քանի առիթներով հայտարարել է, որ ինքը ՔՊ վարչությունում մեծամասնություն ունի, և եթե իր թեկնածությունը դրվի քվեարկության, ապա ինքը կստանա վարչության անդամների մեծամասնության աջակցությունը:

Ալեն Սիմոնյանի թեկնածությունը չի դրվում քվեարկության, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, իսկ Նիկոլ Փաշինյանը դրա մասին չի կարող բարձրաձայն հայտարարել: Չի կարող նախ, որ Մարությանը միայն թավշյա հեղափոխության հաղթանակից հետո է անդամակցել Քաղաքացիական պայմանագրին, այսինքն եկել է հաղթանակի պտուղները ճաշակելու համար, երկրորդ՝ ՔՊ վարչության անդամների մեծամասնությունը համարում է, որ Հայկ Մարությանը չի կարող երևանցիների կողմից ընկալվել որպես Երևանի քաղաքապետ, և այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններում լուրջ խնդիրներ կունենա: Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել, որ ինքը այնքան մեծ հեղինակություն ունի, որ կարող է «պոլի փեդին» էլ քաղաքապետ սարքել, չնայած այդպես մտածում է:

Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը առաջադրվել են Ալեն Սիմոնյանի ընտրությունը թույլ չտալու համար: Պարզ է, որ որքան շատ են թեկնածուները, այնքան ավելի շատ են բաժանվում վարչության ձայները, և ավելի դժվար է լինում մեծամասնություն ունենալ:

Լավ այդ դեպքում ինչու է Նիկոլ Փաշինյանը ժամանակ ձգում, և արդյոք նրան հաջողվելու է իրավիճակ փոխել կուսակցության վարչության ներսում: Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը փորձի իր հեղինակությամբ ազդել ՔՊ վարչության որոշ անդամների վրա, և կարողանա թույլ չտա, որ Սիմոնյանը ստանա կուսակցության վարչության մեծամասնության աջակցությունը: Բայց դա կլինի այս կուսակցության վերջը, որովհետև կուսակցության վարչության որոշ անդամներ ուղղակի դուրս կգան կուսակցությունից, բացահայտելով, թե իրականում ինչ բարքեր են տիրում կուսակցության ներսում, և ժողովրդավարություն և բազմակարծություն քարոզող կուսակցությունը իրականում կառավարվում է բռնապետական և տոտալիտար մեթոդներով: Այդուհանդերձ, ՔՊ պառակտումը ի վերջո տեղի է ունենալու, ինչպես պառակտվել են ընդդիմությունից իշխանության եկած բոլոր կուսակցությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ պրոցեսը ձգել՝ հասկանալով, որ ներկուսակցական պայքարի և պաշտոնակռվի մասին տեղեկությունները կարող են էականորեն գցել իր կուսակցության հեղինակությունը: Իսկ դա առնվազն մինչև խորհրդարանական ընտրություներ չպետք է թույլ տալ:

ArmLife.am