Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժեց Արմեն Սարգսյանին

Հայաստանում գերվարչապետության ինստիտուտը պետք է չեզոքացվի, սակայն միեւնույն ժամանակ լիազորությունները պետք է հավասարակշռվեն ոչ թե վարչապետի եւ նախագահի, այլ վարչապետի եւ խորհրդարանի միջեւ, որովհետեւ դա է պահանջում խորհրդարանական կառավարման տրամաբանությունը:

Նիկոլ Փաշինյանն այդ իմաստով բերել է Գերմանիայի օրինակը, թեեւ օրինակները իհարկե կարող են շատ լինել: Փաշինյանը հայտարարում է, որ պետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար: Դժվար է անշուշտ վիճարկել այդ հանգամանքը: Խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահի պաշտոնը կամ չպետք է լինի, կամ այն չի կարող լինել ավելին, քան խորհրդանշական-արարողակարգային ինստիտուտ:

Անկասկած է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դիտարկվելու է արդեն իսկ բազմաթիվ գնահատականների ու մեկնաբանությունների արժանացած վարչապետ Փաշինյան-նախագահ Սարգսյան ինտրիգի հարթության վրա:

Մյուս կողմից, սակայն, ինտրիգից վեր այստեղ քաղաքական տրամաբանությունն է եւ գործնականում անխուսափելի տրամաբանությունը, որի առաջ վաղ թե ուշ պետք է կանգներ Արմեն Սարգսյանը թավշյա հեղափոխությունից հետո:

Ընտրվելով նախագահ, կամ ներկայացված լինելով իբրեւ թեկնածու, Արմեն Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ չունենալով վարչական իշխանություն, ինքը կարող է իր դերը իրացնել խոսքի իշխանության միջոցով: Արմեն Սարգսյանը լիովին իրավացի էր, առավել եւս, որ գործնականում հենց խոսքի իշխանությունն է, որ ամենից ամուրն ու հեռանկարայինն է: Միեւնույն ժամանակ, այդ բանաձեւը աշխատող էր Սերժ Սարգսյանի կառավարման համակարգում, որը չուներ հանրային լեգիտիմություն եւ ուներ «փոխարինող»բաղադրիչների կարիք, եւ այդ կարգավիճակում Սարգսյանը դիտարկել էր նաեւ Արմեն Սարգսյանին: Այդ իրավիճակը Արմեն Սարգսյանին չէր ընձեռում սահմանադրական իշխանություն, բայց տալիս էր խաղի բավական մեծ հնարավորություն, այն էլ հանրայնորեն լեգիտիմ խաղի:

Թավշյա հեղափոխությունից հետո սակայն իրավիճակը փոխվում է արմատապես: Ընդ որում, Արմեն Սարգսյանը ինքն էլ հրաշալի պատկերացնում է խնդիրը, ինչի վկայությունն օրերս երիտասարդական մի հավաքում նրա խոսքն էր այն մասին, որ պլանավորում էր նախագահություն յոթ տարվա համար, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց յոթ օր անց:

Հանրային մեծ լեգիտիմություն ունեցող վարչապետի եւ քաղաքական իշխող ուժի պայմաններում Արմեն Սարգսյանը կորցնում է խոսքի իշխանության խաղաքարտը: Նախ, նրա համար իհարկե բավական խնդրահարույց կլինի այդ առումով ուղիղ մրցակցել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հռետորական խարիզման հաշվի առնելով, միեւնույն ժամանակ վերանում է ինքնին իմաստը, որ կար Սերժ Սարգսյանի համակարգի պայմաններում:

Արմեն Սարգսյանը կանգնում է ընտրության առաջ, որտեղ ամեն ինչ կախված է իհարկե նրա հավակնությունից: Նա կարող է շարունակել իր նախագահությունը, միաժամանակ իր մտքերով, գաղափարներով, նաեւ միջազգային հարուստ կապերով ու մարդկային եւ աշխատանքային հարաբերությունների մեծ պաշարով օգտակար լինել նոր իշխանությանը, որն անշուշտ ունի դրա կարիքը:

Այստեղ սակայն կա երկու հարց՝ նոր իշխանությունը կվստահի՞ Արմեն Սարգսյանին, եւ երկրորդ, մինչ վստահության հարցը՝ արդյոք իր դիրքի բարձրությունից չի անտեսի այդ փորձը հենց սկզբից, առանց վստահության հարցին հասնելու: Միեւնույն ժամանակ, խիստ էական է, թե ինչպիսին են եւ ինչպիսին կլինեն զուտ Փաշինյան-Սարգսյան անձնական շփումներն ու հարաբերությունը, անկախ թիմերից:

Դեռ հարց է, թե Արմեն Սարգսյանն ինքն արդյոք համաձայն կլինի բավարարվել այդպիսի դերով:

Ի՞նչ է անում Սարգսյանը, եթե նրան չի բավարարում այդ դերը: Առավել եւս, որ այդ դերը Արմեն Սարգսյանի համար չափազանց քիչ է, ու թերեւս Հայաստանի համար էլ չափազանց քիչ է Արմեն Սարգսյանի այդ դերը, հաշվի առնելով թե նրա կենսափորձը, թե հաջողությունները, որ նա հասել է արտերկրում աշխատանքի ընթացքում:

Եթե Արմեն Սարգսյանը ունի այդ ամենը Հայաստանին, նոր Հայասանին ծառայեցնելու ցանկություն, մտադրություն ու պատրաստակամություն, ապա անկասկած է, որ դա պետք է տեղի ունենա շատ ավելի նշանակալի, ընդգրկուն եւ հեռանակարային, խորքային դերակատարման եւ ֆորմատի շրջանակում: Ակնհայտ է, որ նոր իրավիճակում նախագահի ինստիտուտը չի տալիս այդ հնարավորությունը, որովհետեւ այդ ինստիտուտը քաղաքականությամբ զբաղվելու համար չէ, եթե կառավարման համակարգը ստվերային չէ եւ արտաքին ինստիտուտները զուտ ցուցանակային չեն:

Արմեն Սարգսյանին մնում է կամ սպասել յոթ տարի եւ հետո հեռանալ, ընդ որում արդեն թերեւս շատ ավելի նվազ ուշադրության պայմաններում, քան նրա վերադարձը Հայաստան, կամ նախագահի պաշտոնը թողնել ավելի շուտ, ասենք խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո՝ Հայաստանում մնալու եւ իրական քաղաքականությամբ զբաղվելու համար, հատկապես, որ կա դրա համար ահռելի բաց դաշտ, իսկ Արմեն Սարգսյանն ունի գործնականում անհրաժեշտ ամեն ինչ:
lragir.am