Search
Close this search box.

Փորձառու սրիկանե՞ր, թե՞ անփորձ նորեկներ. ՀՀ փոխվարչապետը՝ կադրային քաղաքականության մասին

Ես շատ առողջ եմ համարում եւ քննադատությունը, եւ հրաժարականները: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին պետական որոշ պաշտոնյաների հրաժարականներին:

«Մենք շատ բարձր չափանիշ ենք սահմանել առաջին հերթին հենց մեզ համար, եւ ես, մեր մյուս թիմակիցները, մյուս հեղափոխականները պետք է համապատասխանենք այդ չափանիշներին, իսկ եթե որեւէ մեկն այլ պատկերացումներ ունի կամ կյանքը ցույց է տալիս, որ ինչ-որ առումով չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, ապա ես կամ որեւէ մեր ընկեր պետք է պատրաստ լինի հետ կանգնելու եւ դուրս գալու իշխանությունից, ինչը շատ նորմալ պրակտիկա է: Սա այն նշաձողն է, որը մենք ինքներս ենք սահմանել»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է կադրային քաղաքականության հարցում կառավարության սխալներին, Միրզոյանն ասաց. «Սերնդափոխություն, միեւնույն է, պետք է լինի: Չի կարելի անվերջ հղում անել փորձի վրա: Հայաստանում ամիսներ առաջ կատակ կար՝ պահանջվում է նախագահ՝ նախագահի աշխատանքի փորձով: Այսինքն անպայմանորեն սենդրափոխություն պետք է լինի եւ բնականաբար պետք է ընտրություններով իշխանություններ փոխվեն:

Ենթադրենք ամեն ինչ լավ էր եւ պետք է լիներ ընտրություններ: Մի օր քաղաքացիները կորոշեին իրենց ձայնը տալ մի ուժի, որը չի եղել իշխանության եւ գուցե նաեւ փոքր թիմ ունի, ինչպես մենք ենք եկել իշխանության: Եվ բնական է, որ չկա այդ փորձը: Ի՞նչ է սա ենթադրում, անվերջ մնալ փորձառու հների ձեռքի՞ն, նրանց իշխանության տիրապետության տա՞կ: Իհարկե, կան մարդիկ, որ փորձ չունեն, իհարկե կան մարդիկ, որոնք արագ փորձ ձեռք կբերեն եւ իհարկե կլինեն նշանակումներ, որոնք չեն արդարացնի իրենց»:

Մանրամասները` տեսանյութում