Search
Close this search box.

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կոչ է արել բացել ճանապարհները

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ կձեւավորվի՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով բացել Ամուլսար տանող ճանապարհները:

Փոխվարչապետի գրառման մեջ, մասնավորապես, նշվում է.

Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը և դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը՝ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ։ Խումբը՝ որպես հանքաարդյունաբերական ընկերություններում գործող ընթացակարգերի համապարփակ ուսումնասիրության ուրույն, օբյեկտիվ և բազմակարծություն ապահովող հարթակ, հնարավորություն կընձեռի արձանագրված իրավիճակի համար մշակել և ներդնել հասցեական լուծումներ:

Առաջնորդվելով Ամուլսարում բնապահպանական նորմերի պատշաճ մակարդակի ապահովման և քաղաքացիական հասարակության վերահսկողություն սահմանելու մեր հայրենակիցների պահանջով՝ պարոն Արթուր Գրիգորյանին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետությունում հանքաարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխանության գնահատման և արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության #EITI սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հաշվետու հանքաարդյունաբերական քաղաքականության ներդրման և իրագործման գործընթացում ապահովել զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև հասարարակական կազմակերպությունների ներգրավումը:

Վստահ եմ, որ միայն երկխոսության ճանապարհով կարող ենք ապահովել սոցիալական համերաշխություն:
Խնդրում եմ բացել Ամուլսար տանող ճանապարհները: Արհեստական խոչընդոտներն անհարկի ձգձգում են խնդիրների վերհանումը։ Յուրաքանչյուր օր կարևոր է հիմնավորված որոշման կայացման գործընթացում:

Կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության գործողությունները, ի մի բերել բոլոր փաստական հանգամանքների այն համախումբը, որը կնպաստի Ամուլսարի բնապահպանական վիճակի մասին անաչառ եզրահանգումների կայացմանը: Ակնկալում եմ, որ ինչպես միշտ կկարողանանք արդյունավետ փոխգործակցել հանուն մեր պետության և հանուն մեր բնության, ու վաղը առավոտյան դադարեցված կլինեն անհնազանդության գործողությունները՝ դրանք մասնագիտական քննարկումների դաշտ տեղափոխելով, որպեսզի չտուժի ո՛չ պետությունը, ո՛չ բնությունը:

Խնդրում եմ վստահել իրավասու անձանց. կառավարությունը, վստահելով ձեզ, համապատասխանության գնահատման ուսումնասիրությունների մեկնարկը կազդարարի Ամուլսարից, և համապատասխանության գնահատման գործընթացը հետևողականորեն կշարունակի Հայաստանի Հանրապետությունում գործող մյուս բոլոր հանքաարդյունաբերական ընկերություններում:

Կոչ եմ անում ձևավորվող աշխատանքային խմբում Ձեր ակտիվ մասնակցությամբ ամրապնդել համերաշխության մեր որդեգրած սկզբունքների կիրարկման պրակտիկան:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի՝ Ջերմուկ քաղաքում հունիսի 25-ին, կրկին բողոքի հանրահավաք է տեղի ունեցել ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։
Բողոքի ակցիային մասնակցել են «Երկիր ծիրանի» կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ։

Բողոքի գործողություններին մասնակցում էին ոչ միայն Ջերմուկ համայնքը, այլ նաև Հայաստանի այլ քաղաքներ։ Արդեն մի քանի օր է Ջերմուկ համայնքի բնակիչները փակել են Ամուլսար տանող բոլոր ճանապարհները և պահանջում են անհապաղ դադարեցնել Ամուլսարի շահագործումը և վերականգնել պատճառված վնասները։
Քաղաքացիների դիրքորոշումը հստակ է, քանի դեռ պաշտոնական որոշում չի ընդունվել դադարեցնելու Ամուլսարի շահագործումը, բողոքի գործողությունները շարունակվելու են։
Հայաստան ժամանած միջազգային փորձագետները նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էին որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրող կայան կառուցի, հակառակ պարագայում թթվային դրենաժի հնարավորություն կա, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։