Search
Close this search box.

Ղարաբաղում սեպտեմբերյան իրադարձություններն անհիմն տեղի չեն ունեցել. ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուս խաղաղապահներն արել են ամենակարևորը, որը չպետք է մոռանալ` նրանք խաղաղություն և կայունություն են բերել կոնֆլիկտային տարածաշրջան. այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Սեպտեմբերյան իրադարձությունները (նկատի ունի 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության ամբողջ տարածքի նկատմամբ, որի հետևանքով ԱՀ-ն օկուպացվել է և ավելի քան 100,000 հայ ենթարկվել է էթնիկ զտման-Խմբ.) անհիմն տեղի չեն ունեցել: Հայաստանի իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը դրա կազմում։ Ընդ որում, Երևանը մեզ այդ մասին չի տեղեկացրել։ Այդ ժամանակ շրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարց չի քննարկվել։ Իհարկե, Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության այս որոշումը արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց պարագայում ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և դա ուղղակիորեն ազդեց խաղաղապահների գործունեության վրա», — ասել է Գալուզինը։