Search
Close this search box.

ՀՀԿ-ի շենքը կշրջափակեն. ՀՀ քաղաքացիներն ունեն առանց զենքի, առանց բռնության խաղաղ պայմաններում քաղաքացիական անհնազադնության ակցիաներ իրականացնելու իրավունք. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է #ԻմՔայլը արշավի մասնակիցները երթի առաջին օրվանից մինչեւ Ազատության հրապարակ հասնելը ոտքով անցել են 214 կմ: Նա նաեւ նշել է, որ պատրաստվում է Ազատության հրապարակում ծավալուն ելույթով հանդես գալ , որից հետո կլինեն ծավալուն գործողությունները: Արշավի մասնակիցները «Քայլ արա, Մերժիր Սերժին» վանկարկումներով անցնելով Ազատության պողոտայով քայլում են դեպի Ազատության հրապարակ:

Մեկնարկում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 14+4 պայքարի ճանապարհային քարտեզի երկրորդ փուլը: Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ԻմՔայլը արշավի շրջանակներում շրջելով Հայաստանի խոշոր քաղաքներով եւ անցնելով 200 կմ ճանապարհ՝ այսօր արդեն Երեւանում են: Մայրաքաղաքի Հյուսիսային ավտոկայանի մոտ Իմ Քայլը արշավի մասնակիցներին դիմավորել են նրանց համակիրները եւ այժմ շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ 18:30-ից մեկնարկելու են շուրջօրյա հանրահավաքները:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իշխանության եւ ոստիկանության այն կոչերին, որ ԱԺ-ի մուտքերը փակելն անօրինական է, ասաց. «Իրենք ինձ են կոչ անում, ես էլ իրենց եմ կոչ անում, տեսնենք՝ ում կոչն արդյունքում տեղ կհասնի: ՀՀ քաղաքացիներն ունեն առանց զենքի, առանց բռնության խաղաղ պայմաններում քաղաքացիական անհնազադնության ակցիաներ իրականացնելու իրավունք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վաղը ՀՀԿ խորհրդի նիստն է, որտեղ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն է որոշվելու. ի՞նչ ունի Փաշինյանը խորհրդի անդամներին փոխանցելու, լրագրողի այս հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես կփորձեմ հանդիպել նրանց»: Լրագրողի ճշտող հարցին՝ պատրաստվում են ՀՀԿ գրասենյակը եւս շրջափակե՞լ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այս բոլոր սցենարների մասին, ըստ էության, ասվել է, եւ այս սցենարների իրագործումը կախված է քաղաքացիների ակտիվությունից: Ամեն ինչ պետք է տեղի ունենա եւ դրա տեղի ունենալու գրավականը քաղաքացիների ակտիվությունն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 14 օր իրենց տանը չի գիշերել եւ մինչեւ հանգուցալուծում չլինի, մնալու է Ազատության հրապարակում: Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում դրսում գիշերել, քանի որ Տարոն Մարգարյանը թույլ չի տվել, Փաշինյանն պատասխանեց.

«Եթե մենք Տարոն Մարգարյանենց բակում գիշերելու լինեինք, ապա իր թույլտվությունը կհարցնեինք, բայց մենք պատրաստվում ենք մեր մայրաքաղաքի հանրային տարածքներում գիշերել»,- ասաց նա:

ՀԺ-ի լրագրողի նկատառմանը՝ վրան տեղադրելու թույլտվություն եւս չկա քաղաքապետարանից, Նիկոլ Փաշինյանը կատակեց. «Ես միայն գլխարկ դնելուց կհարցնեմ՝ դնե՞մ, թե՞ ոչ: Ես այնպիսի մարդու տպավորություն եմ թողնո՞ւմ, որ պետք է այս քաղաքական գործընթացն իրականացնելիս իշխանություններից թույլտվություն ունենամ: Իմ թույլտվությունը ես ստացել եմ ժողովրդից»,- ասաց նա:

 Տպել